Գլխավոր Աշխարհ Էրդողանին վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել հայտնի թուրք հաղորդավարին

Էրդողանին վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել հայտնի թուրք հաղորդավարին

12
0
Ֆաթիհ Փորթաքալ, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել երկրի «FOX TV» հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալին, գրում է 1in.am-ը: Հեռուստահաղորդավարը Twitter-ում դժգոհություն է հայտնել նախագահի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բնակչությունից գումար հավաքելու նախաձեռնության վերաբերյալ։ Նա, մասնավորապես, գրել է․ «Թող չհիշեցնեն Tekalif i Milliye-ի մասին ու պնդեն, թե «դժվար ժամանակներում ենք ապրում»՝ այդ կերպ պահանջելով մարդկանց խնայողություններն ու կապիտալը։ Երևի նաև կասեն, թե «կորոնայից հետո կվերադարձնենք»։ Ցավոք, չեմ կարող ասել, թե անհնար է»։

Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելի Փորթաքալի դեմ ներկայացրած հայցադիմումի մեջ նշվում է, որ հաղորդավարն ակնհայտորեն խեղաթյուրել և միտումնավոր այլ կերպ է մեկնաբանել նախագահ Էրդողանի խոսքերը՝ փորձելով բնակչության մոտ սխալ տպավորություն ստեղծել։ Փաստաթղթում նշվում է նաև, որ Էրդողանի նախաձեռնությունը հիմնված է բացառապես կամավորության սկզբունքի վրա և ոչ մի կերպ նպատակ չի հետապնդում բռնագրավելու ժողովրդի ունեցվածքը, իսկ «Tekalif i Milliye»-ի («Tekalif i Milliye»-ը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից 1921թ․ օգոստոսի 7-ին հարպարակված և 10 հոդվածից ու 55 կետից բաղկացած պարտավորութունների ցանկ է, որով բնակչությունը հարկադրվում էր գրեթե իր ողջ գույքն ու ունեցվածքը, զինամթերքը, սնունդը, փոխադրամիջոցները, մասնագիտությունները ծառայեցնել բանակին՝ պատերազմից հետո փոխհատուցվելու խոստմամբ) մասին Էրդողանը հիշեցրել է միայն որպես ազգային համախմբվածության օրինակ: