Գլխավոր Հասարակություն Թանգարանի վիրտուալ հարթակները միշտ էլ ունեցել են հետևորդների մեծ բանակ. Արփինե Այվազյան

Թանգարանի վիրտուալ հարթակները միշտ էլ ունեցել են հետևորդների մեծ բանակ. Արփինե Այվազյան

90
0

Այսօր լրանում է 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի 102-ամյակը: Մայիսի 22–29-ը ընկած ժամանակահատվածում Սարդարապատում ընթացող ինքնապաշտպանության կազմակերպումը հանձնարարվել է Երևանյան խմբի զորահրամանատար Մովսես Սիլիկյանին`Թովմաս Նազարբեկյանի կողմից: Ինքնապաշտպանական միջոցառումներ կիրառվել են նաև Կողբի և Իգդիրի ուղղություններով: Նախիջևան-Շարուր ուղղությունը վստահվել էր 3-րդ բրիգադին` գնդապետ Տիգրան Բաղդասրյանի գլխավորությամբ: Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորքի դիմակայությունը վստահվում է Դանիել Բեկ-Փիրումյանին: Արամ Մանուկյանին վստահվել է Երևանի թիկունքի պաշտպանությունը:

Օրվա խորհրդի շուրջ AraratNews.am-ը զրուցել է Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արփինե Այվազյանի հետ:

Արփինե Այվազյան

Արփինե, այսօր Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` թանգարանը չի կարող նախկինի պես հյուրընկալել իր այցելուներին: Առցանց տիրույթում գործող ինչպիսի՞ ծրագրերի միջոցով եք լրացնում այդ բացը:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և Ազատագարական պայքարի պատմության ազգային թանգարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում և այլ սոցիալական հարթակներում (Instagram, Twitter) շարունակում է հանրությանն իրազեկել թանգարանի գործունեությունը՝ ներկայացնելով թանգարանի հիմնական ցուցադրությունները, պատմամշակութային առանձնակի նշանակություն ունեցող բացառիկ հավաքածուները և թանգարանային եզակի առարկաները: Վիրտուալ այցելուների համար մշակվել և ներկայացվում են «Մնա տանը, թանգարանը կգա տուն», «Տեղափոխվենք թանգարան» խորագրերը կրող թեմաները, որտեղ կանոնավոր ներկայացվում են Հայոց ազգագրությանը նվիրված ցուցադրական համալիրները: Թանգարանում անցկացվում են թեմատիկ հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ, որոնց շնորհիվ այցելուները, առանց տնից դուրս գալու, տեղափոխվում են թանգարան՝ հնարավորություն ստանալով տեսնել և ունկնդրել ուշագրավ բացատրություններ հայոց ազգային մշակութային ժառանգության ու Մուսա լեռան և Մայիսյան հերոսամարտերի պատմության վերաբերյալ տեսանյութերը: Թանգարանի ֆեյսբուքյան էջում ներկայացվում է նաև «ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԺԱՆԵԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՊԵՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» կրթական ծրագրի շրջանակներում նկարահանված ուսուցողական տեսահոլովակները:
Մայիսյան հերոսամարտերի օրվան նվիրված ինչպիսի՞ առցանց ծրագրեր է իրականացնում թանգարանը:
«Մեր մեծերը» խորագրով ներկայացվում են 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի հերոսները և Հայաստանի Առաջին Հանրապետության երևելի այրերը: Իսկ Մայիսի 22-ից սկած էջում ներկայացվում են «Մայիսյան հերոսամարտերի նախօրեին», «Սարդարապատի հերոսամարտ», «Զինվորական հանդերձանք», «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի բացման արարողությունը. 1968 թվական», «Բաշ-Ապարանի հերոսամարտ», «Ղարաքիլիսայի հերոսամարտ», «Մայիսյան հերոսամարտերի դասերը», «Սարդարապատի հուշահամալիրի խորհրդանիշները», «Առաջին Հանրապետություն. մշակույթ, խորհրդանիշներ» տեսահոլովակները: Նշեմ, որ մայիսի 28-ին նվիրված 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի 102-ամյակին՝ Հայոց ազգագրության թանգարանի կենտրոնական ցուցասրահում բացվեց «Զենքը արիականության, առնականության և ուժի խորհրդանիշ» խորագրով ցուցահանդեսը, որը նույնպես ներկայացվեց թանգարանի էջում: Կորանավիրուսով պայմանավորված՝ համաշխարհային ճգնաժամը չի կարող խաթարել Հայոց ազգագրության թանգարանի գործունեությունը, թանգարան, որը մշտապես հավատարիմ է իր առաքելությանը և նպատակներին: Փակ լինելով հանդերձ, թանգարանը շարունակում է մնալ գիտելիքի և տեղեկատվության բաց և հասնելի աղբյուր բոլոր ցանկացողների համար:
Առցանց տիրույթում թանգարանի ծավալած գործունեության հետևանքով թանգարանի մասնագիտացված բաժիններով հետաքրքրվողների քանակը շատացե՞լ է:
Առցանց տիրույթում թանգարանի վիրտուալ հարթակները միշտ էլ ունեցել են հետևորդների մեծ բանակ, սակայն պետք է նշեմ, որ պայմանավորված արտակարգ իրավիճակով, երբ բոլորը տանն են և ավելի շատ են օգտվում սոցհարթակներից, միանշանակ հետևորդների թվաքանակն աճել է:
Արփի, դպրոցականներին ու ուսանողներին այսօր հետաքրքրո՞ւմ են թանգարանի մատուցած պատմական փաստերը:
Թանգարան են այցելում տարբեր տարքային խմբեր, և, դրանով պայմանավորված, բնականաբար, թեմայի մատուցումը իրականացվում է տարիքային խմբին համապատասխան: Թանգարանում իրականացվում են, այժմ արդեն առցանց հարթակում, տարբեր կրթական ծրագրեր, ինչի շնորհիվ երիտասադների
հետքաքրքրությունը ավելի է մեծացել թանգարանի, պատմամշակութային առանձնակի նշանակություն ունեցող բացառիկ հավաքածուների և թանգարանային եզակի առարկաների հանդեպ:
Արփինե, թանգարանում նաև կրթական ծրագիր է գործում: Ովքե՞ր են այդ ծրագրի շահառուները: Կներկայացնե՞ք ծրագրի բովանդակային մասը:

Ինչես արդեն նշեցի, այժմ առցանց հարթակում ներկայացվում են «ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԺԱՆԵԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՊԵՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» կրթական ծրագրի շրջանակներում նկարահանված ուսուցողական տեսահոլովակներ:

Թանգարանում գործում են հետևյալ կրթական ծրագրերը. «Պատանի ազգագրագետի դպրոց», «Ազգային տոներ», «Հայկական ավանդական խաղեր», որոնք իրականացնում են թանգարանի գիտական կազմի աշխատակիցները: Կրթական ծրագրերը շարունակաբար կներկայացվեն առցանց տիրույթում՝ ապահովելով բովանդակալից, ուսուցողական և հետաքրքիր ժամանց:

Օլյա Շահինյան