Գլխավոր Կրթություն Ի՞նչ սկզբունքներով բուհերում կիրականացվի հեռավար ուսուցումը

Ի՞նչ սկզբունքներով բուհերում կիրականացվի հեռավար ուսուցումը

153
0

Հայաստանյան բուհերը երկրում արտակարգ դրության պայմաններում հանձն են առել և արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Նախարարությունն առաջիկա օրերին մոնիթորինգ կիրականացնի: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Հեռավար ուսուցման կիրառելիության շուրջ առաջացող խնդիրների և այլ առանձնահատկությունների մասին AraratNews.am-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի և ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանի հետ:

ԵՊՀ

«Ոչ բոլոր ֆակուլտետների ու ոչ բոլոր դասախոսների կողմից, իհարկե, առայժմ, բայց բուհի ղեկավարությունն անում է ամեն բան, որպեսզի հնարավորինս ընդլայնի այդ ցանցը, որպեսզի բոլոր դասախոսները հնարավորության սահմաններում առցանց ուսուցում իրականացնեն»,- AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դավիթ Ափոյանը:

Ափոյանի խոսքերով, նախքան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, համալսարանի որոշ ֆակուլտետներ (իրավագիտության, միջազգային հարաբերությունների) սեփական նախաձեռնությամբ իրենց դասախոսներին հեռավար ուսուցման համար վերապատրաստման էին ուղարկել:

«Իսկ հիմա, ստեղծված իրավիճակից ելնելով, փորձ է արվում նաև դա տարածել մյուս ֆակուլտետների վրա: Ճիշտ է՝ որոշ դժվարություններ առաջանում են. օրինակ՝ քաղպաշտպանության դասընթացի ծրագրի մեջ մեծ մասը զբաղեցնում են գործնական պարապմունքները: Հարց է առաջանում. գործնական պարապմունքները ո՞նց են լրացվելու: Ու հատկապես՝ բնագիտական թևի համար. քիմիայի, ֆարմացիայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում գործնական պարապմունքները մեծ տեղ են զբաղեցնում: Ես կարծում եմ, որ այս ամենին պետք է ըմբռնումով մոտենալ: Այն, որ մեր կրթական համակարգը նման հարվածի պատրաստ չէր. դա ոչ ոքի համար էլ գաղտնիք չէր: Ստեղծված իրավիճակից ելնելով չպետք է չարախոսենք ու վատ գնահատականներ տանք: Հնարավորինս ամեն ինչ արվում է: Ուղղակի, հնարավորինս ամեն ինչ պետք է արվի, որ քիչ վնասով դուրս գանք այստեղից»,- ընդգծեց ԵՊՀ ՈւԽ նախագահը:

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը

Դավիթ Ափոյանը նշեց, որ կուրսային, դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի հանձնման և պաշտպանության ժամկետները դեռևս չեն երկարացվել:

«Փոխնախարարն էլ իր խոսքում նշեց, որ սա միջգերատեսչական հարց է ու կապված է նաև պաշտպանության նախարարության հետ: Ես էլ եմ կիսում այդ մտահոգությունը: Հասկանում եմ, որ դա խնդիր է, քանի որ հարցը կապված է նաև ՊՆ զորակոչի հետ: Եթե երկարաձգվի, պետք է պարզվի՝ տղաները, որոնք զորակոչվելու են բանակ. ինչպե՞ս են լուծվելու իրենց հարցը, իսկ մյուսներին, ովքեր որ նման խնդիր չունեն, հնարավորություն տան մինչև հուլիս պաշտպանե՞լ. չենք կարող այդպես անել, քանի որ հավասար պայմաններ պետք է լինեն»,- նկատեց Դավիթ Ափոյանը:

Մագիստրոսական թեզերի, դիպլոմային ու կուրսային աշխատանքների ժամկետների հարցերով ԵՊՀ ՈւԽ նախագահը նաև բուհի ղեկավարության հետ է խոսել:

«Տեղյակ եմ, որ քննարկման փուլում է և փորձում են հնարավորինս օպտիմալ լուծում տալ այդ հարցին: Կարող ենք ասել, որ գիտական ղեկավարի հետ կարող են, ենթադրենք, էլփոստի միջոցով կապի մեջ մտնել և հարց ու պատասխանի ձևով բացը լրացնել, բայց իրականում դա հարցի լուծում չէ: Ուղղակի մի թեթև մեղմող գործընթաց է: Չգիտեմ, թե ոնց կստացվի. հուսով եմ, որ քննարկման արդյունքում մի լավ լուծում կգտնեն, բայց ուղղակի շփմանը փոխարինող տարբերակ չեմ կարծում, որ գտնեն»,- ընդգեց ԵՊՀ ՈւԽ նախագահը:

Դավիթ Ափոյանը հավելեց, որ, ավարտական աշխատանքների նախապաշտպանության և մյուս փուլերի ժամկետների տեսանկյունից, երկրաձագումը ճիշտ տարբերակ կլինի:

ՀՊՄՀ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը AraratNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՊՄՀ-ում հեռավար ուսուցման հետ կապված բարդություն առաջանում է հատկապես Գեղարվեստական կրթության ֆակուլտետում:

«Մեր կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչությունը ստեղծել է ASPU Google Meet հավելվածը, որի միջոցով տեսադասեր են արվում՝ առցանց և գոնե այդ ձևով ուսանողներին բացատրվում է իրենց անելիքը»,- նշեց Պարույր Գալստյանը:

ՀՊՄՀ ՈւԽ նախագահը կարծում է, որ կուրսային, դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի հանձնման ու պաշտպանության ժամկետները կերկարաձգվեն: Միևնույն ժամանակ Գալստյանը նշեց, որ ASPU Google Classroom հարթակի և ASPU Google Meet հավելվածի միջոցով ուսանողները կարողանում են կապ հաստատել իրենց գիտական ղեկավարների հետ ու անհրաժեշտության դեպքում հարցեր ուղղել նրանց:

ՀՊՄՀ յուրաքանչյուր դասի դասախոսները տեղադրում են համապատասխան էլեկտրոնային ուսումնական նյութերը, նախաձեռնվում են «հարց ու պատասխան» քննարկումներ, էլեկտրոնային խորհրդատվություններ, ինչպես նաև հնարավորինս իրականացվելու են առցանց տեսահանդիպումներ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը առցանց ուսուցման վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ մարտի 23-ից #առցանց՝ #հեռավար եղանակով կուսուցանվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բոլոր կրթական ծրագրերը (այժմ հեռավար ուսուցմամբ է անցկացվում միայն «Գործարար վարչարարություն» դասընթացը): Լրացուցիչ մանրամասներին ծանոթանալու համար մեր բոլոր մագիստրանտներին խնդրում ենք հետևել իրենց էլեկտրոնային փոստերին, որոնց կուղարկվեն համապատասխան տեղեկություններ, այդ թվում՝ #հարթակներին միանալու քայլերի, մագիստրոսական #թեզերի պաշտպանության վերաբերյալ»:

Օլյա Շահինյան