Գլխավոր Արցախ Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արցախի ԱԺ նախագահ

Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արցախի ԱԺ նախագահ

19
0

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքվի Ալիևյան կլանի ողջ պրոպագանդան հոխորտում է Հայաստանի և Արցախի հանդեպ ռազմական առավելության հասնելու մասին՝ թերևս օգտագործելով համաճարակային պայմաններում ստեղծված նախադրյալները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Կարծում եմ՝ Ադրբեջանում հասկանում են, որ նոր պատերազմը կհանգեցնի ահռելի մարդկային և նյութական կորուստների: Դե իսկ արցախցիներիս  Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում, որովհետև հասկանալի է, որ նման հայտարարություները շատ անգամ ներքին սպառման համար են արվում, չնայած հակառակ դեպքում էլ մեր ժողովուրդն ի վիճակի է ցանկացած պահի տրակտորը փոխարինել տանկով, իսկ բահն՝ ինքնաձիգով», Արցախի ԱԺ նախագահը:

Արթուր Թովմասյանի խոսքով՝ այս անգամ, սակայն, ենթադրել կարելի է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են նաև Արցախի նոր իշխանություններին՝ «ստուգելու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրանց ոգին և զգոնությունը, ինչին և այսօր համարժեք պատասխան է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հստակ հայտարարելով, որ ուժի լեզվով մեզ հետ խոսելը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար»:

«Վերոհիշյալին միայն կարող եմ ավելացնել. նոր պատերազմի դեպքում մեր բանակն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում կասեցնել թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով Ադրբեջանի տարածք եւ մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-1994թթ. ադրբեջանա-արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչու չէ, նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին, որովհետև միջազգային հանրությունն ընդհանրապես և համայն հայությունը մասնավորապես, քաջատեղյակ են, թե կողմերից որ մեկն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնությանը դիմել հրադադարի խնդրանքով», գրել է Արթուր Թովմասյանը: