Գլխավոր Հասարակություն Ինչու է «Օրբելի» կենտրոնի փորձագետի մուտքն արգելվել Հայաստան

Ինչու է «Օրբելի» կենտրոնի փորձագետի մուտքն արգելվել Հայաստան

32
0

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի համաձայն»,- հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի՝ օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:

Նշենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը, սակայն մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը իրենից վերցրել է կացության քարտը՝ պատճառաբանելով, թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։ «Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նրան արգելել են մուտք գործել Հայաստան՝ առանց որեւէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն»։