Գլխավոր Հասարակություն Ինչու պետք է փեսան վառի Տերընդեզի կրակը. այսօր Տյառնընդառաջի օրն է

Ինչու պետք է փեսան վառի Տերընդեզի կրակը. այսօր Տյառնընդառաջի օրն է

202
0

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։

Տոնի արխայիկ հիմքերը պարզելու նպատակով AraratNews.am-ը զրուցել է «Տոնացույց» կենտրոնի նախագահ, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանի հետ:

Հարցին, թե տոնի կապակցությամբ այսօր կազմակերպվող միջոցառումները որևէ առընչություն ունեն արդյոք հնում եղած ավանդույթների ու սովորույթների հետ, Հասմիկ Բաղրամյանը պատասխանեց. «Իհարկե ունի. մենք հիմա այնպես ենք նշում, ինչպես հնում էին նշում՝ շատ քիչ բան փոխելով։ Ի ուրախություն մեզ՝ տոնի բուն էությունը պահպանել ենք։ Ու տոնի հիմքերը շատ-շատ հին են՝ նույնիսկ երկրագործական պաշտամունքից առաջ»։

«Ցիվիլիզացիայի զարգացման թերեւս առաջին ծեսերից մեկն է Տերընդեզը ու կապվում է կրակի տարերքի հետ»,- ընդգծեց ազգագրագետը։

Անդրադառնալով տոնի հիմնական խորհրդանիշը հանդիսացող կրակին՝ Հասմիկ Բաղրամյանը նշեց. «Այն բոլոր տարերքները, որոնք օգնում էին մարդուն, կապվում էին գերբնական ուժերի հետ։ Այն, ինչ գերբնական էր, աստվածացվում էր։ Հենց ինքն ի սկզբանե նույնիսկ անուն էլ կարող էր չունենալ։ Հետագայում բնապաշտամունքի շրջանում, վաղ եւ զարգացած հեթանոսութան շրջանում այդ կրակին տվեցին տարբեր անուններ. Միհր, Վահագն: Հիմա արդեն ասում են Հիսուսի լույս: Այսինքն՝ կրակն այն տարերքն է, որը պետք է վառեն, որ հալեցնեն ձյունը, տաքացնեն հողը, ջերմացնեն օդը ու գնան Տիրոջն ընդառաջ: Եւ գնան դեպի կյանքը, որովհետեւ մարդու պատկերացումներում կյանքը սկսվում է ձմռանից հետո»։

Այնուամենայնիվ, խոսելով տոնի բուն բնույթի մասին, ազգագրագետն ասաց, որ կրակն էներգիա է, տոնը հաղորդակցություն է կրակի հետ և կրակի միջոցով մաքրման ծես է: Եթե Վարդավառի ժամանակ ջրով են մաքրվում, ապա Տերընդեզի ժամանակ այդ դերը կատարում է կրակը. ««Սասնա ծռեր»-ում էլ կարող եք կարդալ, որ Ջոջաց տունը մկրտվում էր կրակով: Կրակը ջրի, օդի, հողի պես տարերք է. այդ բոլորը Աստծո տարբեր էություններն են: Հիսուսն՝ ինքը լույսով, կրակով իջնում է առ մեզ: Անընդհատ Հիսուսը նկարագրվում է երկնքից հրեղեն կրակներով իջնելով»:

Հասմիկ Բաղրամյանը նշեց, որ քրիստոնեությունը շատ ներդաշնակ կրոն է. «Այն շատ ներդաշնակ է մեր հին հավատալիքներին: Զարգացած հեթանոսությունը վերացրեցին, որովհետև քրիստոնեությունը մեզ շատ ավելի մոտ էր: Մենք մի Աստված ենք պաշտել՝ մեկ էություն ու վերջ»:

Անդրադառնալով տոնին նոր ամուսնացած զույգերի ծիսակարգին՝ Հասմիկ Բաղրամյանը նշեց, որ հնում Տերընդեզը կրկնահարսանիք է համարվել. «Էլի ունեցել է այն նույն խորհուրդը, որ մի հատ պետք է անցնենք կրակով, պետք է կնքվենք կրակով: Շատ հին հավատալիք, հին սովորույթ, որը պահպանվել է: Նորապսակ փեսան վառում է կրակը, քանի որ տղամարդու էությունն են կապում կրակի հետ: Ամենաշատ կրակ կրողը նոր ամուսնացած փեսան է, որի հարսանիքից դեռ մեկ տարի էլ չի անցել»:

Հասմիկ Բաղրամյանը հավելեց, որ Հայաստանի բոլոր շրջաններում էլ տոնի հիմնական խորհուրդը՝ կրակ վառելու ավանդույթը, պահպանվում է, ինչը ողջունելի քայլ է: