Գլխավոր Կրթություն Ինչպես կարող են միջնակարգ կրթության վկայական կամ ատեստատ չունեցող քաղաքացիները ստանալ այն....

Ինչպես կարող են միջնակարգ կրթության վկայական կամ ատեստատ չունեցող քաղաքացիները ստանալ այն. պարզաբանում

126
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հիմա մանրամասն այն մասին, թե ինչ է դրսեկության ձևով ավարտական քննություն ասվածը:

Քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր հաճախել են դպրոց, բայց, չմասնակցելով ավարտական քննություններին, չեն ստացել վկայական կամ ավարտական ատեստատ:

ԿԳՄՍ նախարարի վերը նշված հրամանով նախատեսված է կազմակերպել նման քաղաքացիների քննությունները, որպեսզի նրանք կարողանան ստանալ փաստաթուղթ, որ սովորել են դպրոցում:

Այս խնդրի մասին խոսեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի հետ:

Վերջինս Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ այն քաղաքացիները, որոնք այս կամ այն պատճառով չեն մասնակցել քննություններին և չեն ստացել վկայական կամ ատեստատ, հնարավորություն ունեն հանձնել համապատասխան քննություններ և ստանալ փաստաթուղթ միջնակարգ կրթության վերաբերյալ:

Տիկին Մակյանը տեղեկացրեց, որ այս գործընթացը տեղի է ունենում տարվա մեջ երեք անգամ: Նա նաև հստակեցրեց, որ քաղաքացին պետք է նախևառաջ դիմումով ներկայանա «Երևանի թիվ 112 ավագ դպրոց», որտեղ էլ քաղաքացուն կտրամադրվի քննությունների մասին ժամանակացույց և քննվող առարկաների ցանկ:

ԿԳՄՍ կայքում մանրամասն ներկայացված է դիմելու կարգը, դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով փաստաթղթերի ընդունելության մանրամասները:

Այն քաղաքացիները կամ դրսում ապրող մեր հայրենակիցները, որոնք կանգնած են նման խնդրի առաջ, կարող են հանձնել քննություններ և ստանալ ինչպես 9-րդ դասարանն ավարտելու, այնպես էլ ավարտական ատեստատ:

Հայկ Մագոյան