Գլխավոր Աշխարհ Իսրայելը մտադիր է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա

Իսրայելը մտադիր է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա

15
0

Իսրայելի իշխանությունները պատրաստ են բանակցել պաշտոնական Անկարայի հետ՝ իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնող գազատարի շինարարություն իրականացնելու համար:

Այս մասին սոցցանցում հայտնել է Իսրայելի պաշտոնական լրատվամիջոցի թղթակիցը՝ շեշտելով, որ եթե Անկարան լրջորեն տրամադրվի այդ հարցում, ապա Իսրայելը պատրաստ է բանակցությունների: Միևնույն ժամանակ նշվել է, որ հնարավորության դեպքում կառուցվելիք այդ գազատարը չի դիտվում որպես այլընտրանք Հունաստան-Կիպրոս-Իտալիա գազամուղին, որը ծրագրված է կառուցել:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը դիմել է Իսրայելի արտգործանախարությանը, բայց Իսրայելի ԱԳՆ-ն խուսափել է այդ թեմայով մեկնաբանումներ անելուց:

Իսկ ըստ Իսրայելի պետական ռադիոյի՝ Անկարան արդեն ուղերձ է հղել Թել Ավիվին, որ Թուրքիան պատրաստ է բանակցել իր տարածքով դեպի Եվրոպա գազ տարանցելու օրակարգի շուրջ:

Ենթադրվում է, որ Իսրայելի բնական գազի ամենամեծ ավազանում կա շուրջ 800 մլրդ խմ գազի պաշար: Իսրայելի էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ դեռ 2.2 տրլն խմ բնական գազի պաշարներ էլ կհայտնաբերեն: