Գլխավոր Տնտեսական Խոշոր կազմակերպությունների համար պարտադիր աուդիտի պահանջը վերացվեց

Խոշոր կազմակերպությունների համար պարտադիր աուդիտի պահանջը վերացվեց

6
0

audit

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մի նախագիծ, որով առաջարկվում է վերացնել խոշոր կազմակերպությունների համար տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնելու պարտադիր պայմանը: «Սա ֆինանսական լրացուցիչ բեռ է բիզնեսի համար և կարող է պարտադիր լինել միայն օրենսդրությամբ սահմանված առանձին դեպքերում»,- ասաց Գ. Խաչատրյանը: Նրա խոսքով՝ առաջարկվում է ներդրնել հորիզոնական մոնիտորինգի համակարգ, որի էությունն այն է, որ եթե խոշոր հարկ վճարողները կամավոր ցանկություն են հայտնել իրենց հաշվապահական հաշվառման ծրագրերը առցանց եղանակով հասանելի դարձնել հարկային մարմինների համար, ապա նրանք չեն հայտնվի ստուգումների բարձր ռիսկայնության խմբում: «Բացի այդ նրանք կարող են առցանց հարցումներ ուղարկել հարկային մարմիններին, իսկ  վերջիններս օրենքով պարտավորվում են անհրաժեշտ մասնագիտական օժանդակություն ցուցաբերել հարկ վճարողների կողմից հաշվառումը ճիշտ վարելու համար»,- հայտարարեց Գ. Խաչատրյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը ժամանակ խնդրեց՝ «ընդունելի լուծումներ գտնելու» համար: Որոշումն այնուամենայնիվ ընդունվեց՝ պայմանով, որ կքննարկվի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ: