Կառավարությունը պատրաստվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ հունիսի 13-ը

    48
    0

    ՀՀ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը մինչեւ 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ: Հարցը կքննարկվի վաղը՝ կառավարության հերթական նիստում։ Նշենք, որ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը պետք է լրանար ապրիլին 16-ին, սակայն այն երկարաձգվեց մինչեւ մայիսի 14-ը։ 

    Որպես հիմնավորում նշվում է, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռեւս չեն վերացել, որի մասին են վկայում, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն`առողջացած, 47-ը` մահվան ելքով։

    Նոր որոշման նախագծում որոշ փոփոխություններ են նախատեսվում։

    Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում`թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում`անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ։ Շարունակվելու է տեսակցությունների արգելքը՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի: