Գլխավոր Uncategorized Կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը «գալ» բեռնատարով. armeniasputnik.am

Կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը «գալ» բեռնատարով. armeniasputnik.am

126
0

Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման առյուծի բաժինն իրականացնում են իրանական ընկերությունները և իրանցի վարորդները։ Այդ պատճառով նույնիսկ կորոնավիրուսի ներթափանցման վտանգը հաշվի առնելով Երևանը չէր կարող ամբողջական արգելք մտցնել հարևան երկրից ապրանքների ներմուծման համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է «Սաթի» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը։

Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի կառավարությունը փետրվարի 24-ից երկու շաբաթով փակեց հարևան երկրի հետ ցամաքային սահմանը։ Օդային հաղորդակցության նկատմամբ ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել։ Սակայն արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։ Բայց ուժեղացվել է հսկողությունը բեռնափոխադրող վարորդների նկատմամբ։

«Իրանից և դեպի Իրան կամ այլ երկրներից այդ երկրով ամբողջ ապրանքահոսքի 99,9%–ը իրանական ընկերությունների միջոցով է իրականացվում Իրանում գրանցված բեռնատարներով։ Հետևաբար, վարորդները ևս այդ երկրի քաղաքացիներ են», – ասաց Առաքելյանը։

Երբեմն հայկական ընկերությունները պայմանավորվում են իրանցի գործընկերների հետ, որպեսզի նրանք բերեն բեռները մինչև Մեղրիի անցակետ, այնտեղից ապրանքը բեռնում են հայկական բեռնատարների մեջ, և արդեն Երևան այն բերում են տեղացի վարորդները։ Այդ ամենը տեղի է ունենում մի պարզ պատճառով` հայ վարորդների համար փոխադրումներ դեպի Իրան և Իրանից իրականացնելը ձեռնտու չէ։

«Իրանում վառելիքն ավելի էժան է, քան Հայաստանում, սակայն հայ վարորդները չեն կարող այդ գնով այնտեղ լիցքավորել մեքենաները, քանի որ այդ գինը գործում է միայն իրանցիների համար։ Իրանում նաև ճանապարհի հարկ է գործում, որը ևս ստիպված ենք վճարել։ Դրա համար մեր ընկերություններին այդ ուղղությամբ աշխատելը շահավետ չէ», – ասաց Առաքելյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն անկախ կորոնավիրուսի վտանգից, ճիշտ որոշում են կայացրել` բեռնափոխադրումների վրա արգելք չդնելով։ Հակառակ դեպքում մեծ վնաս կհասցվեր երկրի տնտեսությանը։ Եթե Հայաստան բեռների 70%–ը Վրաստանով է գալիս, ապա մնացած 30%–ը` արդեն Իրանով։ Այսպիսով 2019 թվականի արդյունքներով Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 12,4%–ով կամ 364–ից հասել է 409 մլն դոլարի (Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի 5%)։ Իրանը ծավալով Հայաստանի առևտրային հինգերորդ գործընկերն է (Ռուսաստանից, Չինաստանից, Շվեյցարիայից և Գերմանիայից հետո)։

Առաքելյանը նշեց, որ ներկա պահին խուճապի համար հիմքեր չկան, քանի որ Երևան ապրանքները հիմնականում բերում են Ջուղայից և Թավրիզից։ Այնտեղ կորոնավիրուսի դեպքեր դեռ չեն գրանցվել։ Սակայն նա, այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության բոլոր կանոնները։

Հիշեցնենք, որ Իրանում փետրվարի 25–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, արձանագրվել է 15 մարդու մահ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում