Գլխավոր Տնտեսական ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

60
0

 ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչև մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ:
«Քարֆուր» սուպերմարկետում մինչև մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել է 1 կգ-ի դիմաց 4590 դրամ, այնուհետև մինչև մարտի 29-ը վաճառքում չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինն արդեն կազմել է 16 990 դրամ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Նոր Զովք» և «Քարֆուր» սուպերմարկետներում կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ վերոնշյալ սուպերմարկետների մատակարար ընկերությունը չի հանդիսանում կոճապղպեղ ներմուծող: Հանձնաժողովն ուսումնասիրում է միջնորդ ընկերության՝ մատակարարի ձեռքբերման աղբյուրները, քանակները և գինը:
Հարկ է նշել նաև, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տրամադրած տեղեկատվության համաձայն, որը կոճապղպեղի ձեռքբերումն իրականացրել է անմիջապես ներմուծողից, մարտ ամսին կոճապղպեղի իրացման առավելագույն գինը 1 կգ-ի դիմաց կազմել է 3500 դրամ: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել, մարտ ամսվա վերջից այս ապրանքատեսակն այլևս վաճառքում առկա չէ: Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան:
Համաձայն ՀՀ ԿԵ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2020 թվականի մարտ ամսին կոճապղպեղ ներկրվել է 7 տնտեսվարող սուբյեկտի կողմից 4 երկրներից՝ Նիդերլանդներ, Վրաստան, ՌԴ և ԱՄԷ: 2020 թվականի մարտին կոճապղպեղի ներկրումը կազմել է շուրջ 11 000 կգ, փետրվարին՝ շուրջ 9 000 կգ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով»: