Գլխավոր Առողջապահություն Կորոնավիրուսով քանի հիվանդ կա պոլիկլինիկաների ենթակայությամբ

Կորոնավիրուսով քանի հիվանդ կա պոլիկլինիկաների ենթակայությամբ

62
0

814 կորոնավիրուսով հիվանդ կա 24 պոլիկլինիկաների ենթակայությամբ: Եթե կորոնավիրուսով հիվանդը դեռ թոքաբորբ չունի, առաջնային օղակի տեղամասի թերապեւտի ենթակայության տակ է: Իսկ եթե թոքաբորբ ունի հիվանդը, թերապեւտի որոշմամբ նրան տեղափոխում են բազմապրոֆիլային հիվանդանոց: Araratnews.am-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

Նրա խոսքով` եթե հիվանդը թեթեւ ախտանիշներ ունի, թերապեւտը ամեն օր` երկու անգամ, զանգահարում` կապ է հաստատում կորոնավիրուսով հիվանդի հետ, լսում, թե ինչպես է հիվանդի առողջական վիճակը:

Պատգամավոր Արման Բաբաջանյանն իր մտահոգություն էր հայտնել կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի համար: Բժիշկները, ըստ նրա, մտահոգվում են հիվանդների թվի ավելացմամբ, հիվանդանոցների գերբեռնված լինելու պատճառով, իսկ պոլիկլինիկաները, ըստ նրա, վերազինված չեն, մինչ օրս սուրճ խմելու վայրեր են, բժիշկներն էլ քիչ են, չեն հասցնում:

Ի պատասխան օրենսդիր մարմնի անդամի հայտարարությանը՝ Գայանե Անտոնյանը հիշեցրե», որ 2013-2019 թվականներին Երեւանի քաղաքապետարանը պոլիկլինիկաների վերազինման համար ծախսել է 468 մլն 800.000 դրամ: «Պոլիկլինիկաները զինվել են նորագույն սարքավորումներով, սոնոգրաֆիայի ապարատներով: 7 պոլիկլինիկաներում ունենք նորագույն ռենտգեն ապարատներ: Վերանորոգվել են նաև պոլիկլինիկաների տանիքները, փոխվել են լուսամուտները: Այս տարի եւս երեք պոլիկլինիկա կվերանորոգվի»,- մանրամասնեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները պարբերաբար բարձրաձայնում են առաջնային օղակի փոքր սենյակների մասին, որտեղ աշխատում են 4 բուժաշխատող` երկու բժիշկ, երկու բուժքույր, սպասարկում միաժամանակ տարբեր սեռի հիվանդների, ինչի պատճառով էլ խախտվում է հիվանդի բժշկական գաղտնիքը: Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալի խոսքով` առաջնային օղակի հիմնարկները կառուցվել են խորհրդային տարիներին: «Մենք ոչ մի պոլիկլինիկա չենք կառուցել: Հիմնականում առաջնային օղակում նստում են երկու բժիշկ: Եթե պետք է բժիշկը հիվանդին զննի, ապա կա առանձին սենյակ բուժզննման համար: Եթե հիվանդը ցանկանում է, որ տեղամասի բժիշկն իրեն լսի առանձին, նա կընդառաջի հիվանդին, կլսի նրան այլ կաբինետում: Ես ձեզանից եմ լսում առաջին անգամ նման  բողոք»,- պատասխանեց տիկին Անտոնյանը:

Ինչ վերաբերում է առաջնային օղակի սենյակների փոքր լինելուն, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց` խորհրդային տարիներին պոլիկլինիկաները փոքր չէին, հիմա փո՞քր են: «Բժշկական տեսակետից, այն ժամանակ կային գործող սանիտարական նորմաներ, որոնց հիման վրա կառուցվել են պոլիկլինիկաները»,- վստահեցրեց պաշտոնյան:

Արդյոք բավարար են շտապօգնության մեքենաները հիվանդներին սպասարկելու, կանչերին արձագանքելու համար: Առողջապահության վարչության պետի տեղակալի խոսքով`այսօր շտապօգնությունը ծանրաբեռնված է աշխատում: «Ասել, թե շտապօգնության մեքենաները բավարար են, սխալ կլինի, բայց ամեն ինչ անում ենք, որ հասցնենք: Պոլիկլինիկան ու շտապօգնությունը համակարգված են աշխատում: Անում ենք այնպես, որ թեթեւ դեպքերով զբաղվի առաջնային օղակի բժիշկը, ոչ թե շտապօգնությունը»,- մանրամասնեց Գայանե Անտոնյանը:

Շտապօգնության ամեն կանչից հետո, պաշտոնյայի խոսքով, ամեն հիվանդին տանելուց հետո մեքենաներն ախտահանվում են, փոխում են բժիշկների արտահագուստը:

Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 2-ին եղել է կորոնավիրուսի 517 դեպք, 19`մահ:

Սոնա Դավթյան