Գլխավոր Հասարակություն Հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

29
0

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են ծառայությունն արտակարգ ռեժիմով: Դրան զուգահեռ Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացվել և իրականացվելու են ռեյդեր: Վարչական շրջաններ կան, որոնցում այդ ստուգայցերն իրականացվել են մի քանի անգամ՝ ստուգելու համար նախկինում թույլ տրված խախտումների կրկնության հավանականությունը:

Ստուգումներն իրականացվում են հանկարծակիության սկզբունքով: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

ՀՀ-ում արտակարգ ռեժիմի սահմանումից մինչ օրս ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն: Երեկ՝ հունիսի 2-ին, կազմվել է 931 արձանագրություն: Հիմնականում քաղաքացիների կողմից կանգառներում դիմակ չկրելու, փողոցում դիմակի առկայության բացակայության, նաև վարորդների  ու ուղևորների կողմից դիմակ չկրելու փաստերով:

Ոստիկանապետն անդրադարձավ նաև Արմավիրի մարզի Գայ գյուղում գտնվող Մեյմանդարի շուկայի դեպքին: Ասաց, բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի անձ, կան ձերբակալվածներ: Նրանց օրինակին հետևողներին ևս նույն ճակատագիրն է սպասվում:

«Կոչ եմ անում բոլոր տնտեսվարողներին. չփորձեք հակադրվել համոզման մեթոդին և իրականացնել այնպիսի գործողություններ, ինչը երեկ տեղի ունեցավ: Վստահեցնում եմ, որ այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն»,-ասաց ոստիկանապետը:

Երևանի վարչական բոլոր շրջաններում կան շարժական անցակետեր: Դրանց տեղակայման վայրերն անընդհատ փոխվում են: Նպատակն, ըստ ոստիկանապետի, ինչպես քաղաքացիների մոտ այնպես էլ տրանսպորտային միջոցներում դիմակի կրման խնդրի մշտադիտարկումն է: