Գլխավոր Իրավական Հայտնաբերվել եւ առգրավվել են Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ»...

Հայտնաբերվել եւ առգրավվել են Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը. ՔԿ

20
0

2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 121.380.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն, ներառյալ՝ երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ 2.000.000 ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի, 180-րդ հոդվածի (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) 1-ին մասի և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մ. Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հ. Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը հնարավոր է գտնվեն ֆոնդապահոցներից մեկում: 2020թ. մայիսի 7-ին կատարված քննչական գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող՝ Մ. Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը և Հ. Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: