Գլխավոր #Գործիցդուրս Հուսով եմ, որ կորոնայից հետո կյանք կլինի նաև DJ-ների համար. «#ԳործիցԴուրս»`DJ Վակցինան...

Հուսով եմ, որ կորոնայից հետո կյանք կլինի նաև DJ-ների համար. «#ԳործիցԴուրս»`DJ Վակցինան է

71
0

Գործից դուրս միշտ երեխաների հետ է: Երկու կարևոր աշխարհներ կան Արուսիկ Մկրտչյանի`DJ Վակցինայի կյանքում` ընտանիք և աշխատանք:

Դուք հանրության լայն շրջանակներին առավել հայտնի եք որպես DJ։  Հայաստանում առաջին կին DJ-ն էիք: Կարելի է ասել, որ Դուք սկիզբ դրեցիք նոր մասնագիտության`ճանապարհ տալով շատ աղջիկների: Իսկ ի՞նչ փոխեց Ձեր կյանքում DJ Վակցինան։

Ինձ համար շատ-շատ բարդ է եղել այդ ճանապարհն անցնելը: Ամեն ինչ այդքան հարթ չի եղել, ինչպես երևացել է էկրաններից ու տեսախցիկներից այն կողմ: Ես մի քանի տարի շարունակ պայքարել եմ և այդ շրջանում բախվել եմ բազմաթիվ խնդիրների: Բայց փորձել եմ ապացուցել, որ ես նույնպես կարող եմ զբաղվել DJ-ի մասնագիտությամբ, լինել սիրված ու պրոֆեսիոնալ այս գործում և որպես լավ մասնագետ շրջագայել ամբողջ աշխարհում:

Իմ կյանքում շատ փոխոխություններ են եղել: Ես հասկացա մի շատ կարևոր բան, որ նպատակիդ հասնելու համար միշտ էլ կգտնվեն միջոցներ, եթե նպատակդ ազնիվ է, արդար, կա ձգտում, տաղանդ ու նպատակասլացություն: DJ-ի մասնագիտության մեջ հաջողելուց հետո ես ընդունվեցի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ ու գերազանցությամբ ավարտեցի բուհը, քանի որ շատ էի ուզում կենսաբանի մասնագիտություն ստանալ: Եվ այս ալգորիթմով շարունակեցի իմ բոլոր նպատակներին հասնել:

«Բազմաֆունկցիոնալ կին» արտահայտությունը լիովին բնորոշում է Ձեզ։ Շատ ակտիվ հասարակական գործունեություն եք իրականացնում։ Ինչպե՞ս եք կարողանում ճիշտ պլանավորել ժամանակը։

DJ-ի մասնագիտությունից զատ, ես հասկացա, որ կարող եմ շատ ավելին անել և իմ ներդրումն ունենալ հանրությանը օգտակար լինելու գործում: Եվ սկսեցի զբաղվել նաև հանրային իրազեկման աշխատանքներով, այնուհետև հիմնեցի  հասարակական կազմակերպություն, և սկսեցինք աշխատել: Ճիշտ ժամանակի պլանավորումը շատ կարևոր է: Եվ ամենաթանկը` ժամանակը, աշխատում եմ ռացիոնալ օգտագործել, որպեսզի հասցնեմ ամեն բան:

Դուք այժմ Առողջապահության ազգային ինստիտուտի մի շարք ծրագրերի համակարգողն եք։ Ո՞րն է Ձեր գործառույթն այս կառույցում։ Պատմեք, թե այս ընթացում իրազեկաման ինչ ծրագրեր եք իրականացրել:

Առողջապահության ազգային ինստիտուտում իմ գործառույթը կայանում է մի շարք ծրագրերում ծառայությունների մատուցման ու համակարգման մեջ: Օրինակ՝ անցյալ տարի մենք իրականցրել ենք հակածխախոտային պայքարի դեմ ուղղված ծրագիրը, ինչպես նաև ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի, իսկ այս տարի կովիդի դեմ պայքարի փոքր ծրագրով հանդես եկանք:

Երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն է, իսկ Դուք միշտ էլ եղել եք առողջության պահպանման, առողջ ապրելակերպի ջատագով։ Ի՞նչ խորհուրդներ կտաք ընթերցողներին այս իրավիճակում։

Առողջության պահպանումը ամենակարևորն է, և յուրաքանչյուրս պետք է ուշադիր լինենք մեր և մեր հարազատների առողջությանը: Պետք է փորձենք կանխարգելել այն հիվանդությունները, որոնք կարող ենք: Այս վարակը նույնպես կարող ենք կանխել`պահպանելով սահմանված կանոնները: Անկախ նրանից՝ դուք ռիսկային գոտում եք, թե ոչ, հետևեք ցուցումներին և առհասարակ առողջ ապրելակերպ վարեք, որովհետև առողջ ապրելակերպը կփոխի ձեր կյանքի որակը:

Վերադառնանք DJ Վակցինային։ Այսօր դաշտում շատ մարդ կա, քան տասը տարի առաջ։ Պահանջված DJ-ը զգո՞ւմ է փոփոխություն պահանջարկի առումով, և առհասարակ շարունակո՞ւմ եք DJ-ի կարիերան։

Ես շատ ուրախ եմ, որ այս մշակույթը զարգացավ Հայաստանում: Եվ ինձ երջանկացնում է, որ այսօր մեր երկրում DJ-ներն ունեն պահանջարկ: Իհարկե, պետք է նկատեմ, որ կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե ունեն համակարգիչ, ապա կարող են զբաղվել այս գործով: Խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր տիրապետում են այս մասնագիտությանը, զարգացնեն տեխնիկան:

Ի՞նչ նորություններ կան, որ կցանկանաք հայտնել, որոնք կհետաքրքրեն հասարակությանը։

Մեզ մոտ նորություններ կարող են լինել այն առումով, որ հաջորդ տարի կսկսենք նոր ծրագրեր առողջ ապրելակերպի իրազեկման շրջանակներում, իսկ այս տարի կովիդի դեմ պայքարին է ուղղված լինելու մեր աշխատանքը: Հուսով եմ, որ կշարունակվի նաև հակածխախոտային իրազեկման ծրագիրը: Իսկ DJ-ի կարիերայի մասով պետք է սպասել վիրուսի ավարտին: Մինչ կորոնավիրուսը ունեի մի շարք միջոցառումներ, որոնք բնականաբար չեղարկվեցին: Բայց հուսով եմ, կորոնայից հետո կյանք կլինի նաև DJ-ների համար: Եվ առիթ կլինի որակյալ երաժշտությամբ ուրախացնել մարդկանց:

Բազմազբաղ լինելը չի՞ ազդում արդյոք Ձեր երեխաների և առհասարակ անձնական կյանքի վրա։

Բնականաբար, ես կարողանում եմ բալանսը պահել թե անձնական կյանքում, թե երեխաների հետ ժամանակ անցկացնելու առումով: Քանի որ կարողանում եմ ժամանակը ինքս տնօրինել, ուստի հնարավորության դեպքում աշխատանքը տնից եմ կատարում: Կարող եմ անգամ երեխաների հետ գնալ այգի և այն ընթացքում, մինչ երեխաները խաղում են, հասցնում եմ ծրագրեր մշակել: Անում եմ հնարավոր ամեն բան, որ երեխաները չզգան իմ պակասը տան մեջ: Եթե տնից եմ աշխատում, երեխաներին այս կամ այն կերպ ներգրավում եմ գործիս մեջ: Իսկ աշխատանքս երբեք չի խանգարել անձնական կյանքիս: Ես երջանիկ եմ, քանի որ ընկերս միշտ օգնում ու աջակցում է ինձ կյանքի ցանկացած շրջափուլում:

Եվ վերջում` ո՞րն է Արուսիկ Մկրտչյանի հաջողելու բանաձևը։

Մարդու նպատակը պետք է հստակ լինի: Մարդ պետք է միշտ իմանա, թե ուր է գնում: Աշխատասիրությունը հաջողության հասնելու ամենակարևոր կետերից է: Եթե ունես նպատակ, բայց աշխատասեր չես, բնական է` չես հաջողելու: Պետք է մարդ լավատես լինի: Կոտրվելուց հետո պետք է ուժ գտնես բարձրանալու: Շատ կարևոր է, որ դու սիրես աշխարհը, սիրես մարդկանց և հավատաս, որ  հաջողության ես հասնելու:

Հարցազրույցը վարեց Հայկ Մագոյանը