Գլխավոր Հասարակություն Մարդու կարոտ մնացինք

Մարդու կարոտ մնացինք

37
0

Զգում եք, որ էս լեն ու բոլ աշխարհում մարդը մենակ է մնացել:

Ո՞վ կպատկերացներ, որ մի օր մարդը մարդուց էսքան կհեռանա: Ո՞ւմ է պետք մարդն առանց մարդու:

Եթե մեկ տարի առաջ ինձ ասեին, որ կգա մի օր, երբ մարդիկ չեն կարողանա միմյանց տեսնել, հյուր գնալ, հարազատներին գրկել, ես կմտածեի, որ էդ մարդը առողջական խնդիրներ ունի, կարճ ասած՝ հոգեկան խանգարումներ:

Բայց արի ու տես…

Անընդհատ փորձում եմ ինքս ինձ հույս տալ, թե այս ամենը մեզ հետ կատարվում է, որպեսզի կյանքն ավելի արժևորենք, գնահատենք այն, ինչ ունենք և այլն: Բայց, վերջին հաշվով, փիլիսոփայելով չի լցվում էն դատարկությունը, որ մարդկանց պակասից է առաջացել:

Հեռավար աշխատանք, օնլայն շփումներ, օնլայն գնումներ, հեռավար կրթություն: Զգո՞ւմ եք, որ մեր կյանքի զգալի հատվածը հեռավար նշանակություն է ստացել: Եվ մենք, անկախ մեր կամքից, ապրում ենք հեռավարության ժամանակաշրջանում:

Մի քանի օր առաջ խմբագրությունում ժողով էր: ԴԻմակ, ձեռնոց, ալկոգել առանք գնացինք օֆիս: Էնքան լավ էինք զգում: Թե չէ զոմբիացած աշխատում ենք ու հասկանում, որ ախր մի գարուն գնաց անվերադարձ, հեսա ամառ է: Եվ ինչ՝ ամառ է, նստեք տանը և պահպանեք սոցիալական հեռավորություն…

Մի քանի օր առաջ էլ ընկերոջս հետ էի խոսում: Շփվեցինք, ամենատարբեր թեմաներ քննարկեցինք: Հերթը հասավ հանդիպելուն, անցած-գնացած օրերը հիշեցինք: Ու ընկերս ասաց, որ էս ինչ էր եկավ էս վիրուսը՝ մարդու կարոտ մնացինք…

Հեռախոսափողը կախեցի: Ու ընկա մտորումների մեջ: Ճիշտ է ասում: Մարդու կարոտ ենք մտացել, բա ինչ: Բայց պետք չէ հուսահատվել: Մի օր, երբ թագավարակն անցած կլինի, կհավաքվենք իրար գլուխ ու կհիշենք հեռավարության ժամանակներն ու մի բոլ կծիծաղենք:

Առողջ եղեք…

Հայկ Մագոյան