Գլխավոր Կրթություն Մեզ համար ծանրաբեռնվածությունն ավելի շատ է, բայց ուսանողը շահում է. ԲՊՀ ռեկտորի...

Մեզ համար ծանրաբեռնվածությունն ավելի շատ է, բայց ուսանողը շահում է. ԲՊՀ ռեկտորի խորհրդական

944
0
Հայաստանյան բուհերը երկրում արտակարգ դրության պայմաններում հանձն են առել և արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Նախարարությունն առաջիկա օրերին մոնիթորինգ կիրականացնի՝ իր ասուլիսում այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Հեռավար ուսուցման առավելությունների և թերությունների, դեպլոմային աշխատանքների և մասնագիտական թեզերի ժամկետների հավանական հետաձգման շուրջ AraratNews.am-ը զրուցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանի հետ:
AraratNews.am-ի հետ զրույցում Մարինա Աբրահամյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում ինչ-որ տեղ հեռավար ուսուցումը նույնիսկ ավելի արդյունավետ է:
«Անձամբ ես մեծ ուրախությամբ եմ անում հեռավար դասերը: Ճիշտ է, սա մի փոքր այլ ֆորմատ է և այնպես չէ, ինչպես որ լսարանային պարապունքների դեպքում է: Դու ամեն մեկին հատ-հատ պետք է իր հանձնարարությունը բացատրես: Այսինքն՝ դու ոչ թե 1 ժամ 20 րոպե ես դաս անում, այլ ստացվում է, որ դու ամբողջ օրը ուսումնական գործընթացի մեջ ես: Մեզ համար ծարաբեռնվածությունն ավելի շատ է, բայց ուսանողը շահում է: Շատ ուսանողներ ասում են՝ Մարինա Արտյոմովնա, կհավատա՞ք՝ լեզուս այսպես ավելի է բացվում: Նույնիսկ տեքստն իրենք ինձ ձայնային հաղորդագրությամբ են ուղարկում, ես իրենցից ամեն մեկի ակցենտի վրա ճիշտ բառն ասում եմ»,- նշեց Մարինա Աբրահամյանը:
Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար նույնպես գործելու է հեռավար ուսուցում՝ համապատասխան դասացուցակով:
ԲՊՀ-ում հեռավար ուսուցումն իրականացվում է ամենատարբեր հարթակների միջոցով. Skype, ZOOM:
Ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի խորհրդականն ասաց, որ ինքն անձամբ երկու իտալացի ուսանողուհիներ ունի, որոնք ZOOM հարթակից չեն կարողանում օգտվել: Ուստի նրանց հետ դասապրոցեսն իրականացվում է Skype-ի միջոցով:
ԲՊՀ-ում առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների 2-րդ կիսամյակի միջանկյալ ստուգումները (1-ին մոդուլները) չեղյալ են հայտարարվել: 2-րդ կիսամյակի միջանկյալ ստուգումները (1-ին մոդուլները) կանցկացվեն ուսանողների կիսամյակային վերջնական գնահատման (2-րդ մոդուլների) ընթացքում, և համապատասխան դասընթացի վերջնական գնահատման հարցաշարում կընդգրկվի 2-րդ կիսամյակի ամբողջ նյութը:
Հիմք ընդունելով արտակարգ իրավիճակի համար սահմանված վերջնաժամկետը (ս/թ ապրիլի 14)՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման ժամկետները երկարաձգվել են 2 շաբաթով:
Մարինա Աբրահամյանը հավելեց, որ քանի որ ԲՊՀ-ն փոքր համալսարան է, այնտեղ ընտանեկան միջավայր է տիրում: Եվ դասախոսներն իրենց ուսանողներին սեփական երեխաների պես են վերաբերվում:
Օլյա Շահինյան