Գլխավոր Հասարակություն Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

10
0

Երեկվանից մեկնարկած հանրային վերահսկողության ֆլեշմոբի արդյունքում հաջողվեց իրականացնել մինի հեղափոխություն: Երեկ հաջողվեց հասկանալ կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված Հայաստանում առկա  պրոբլեմի ծավալը: Եվ դա միայն քաղաքացիների ջանքերով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում:

«Եղան մարդիկ, որոնք ի հեճուկս տարբեր աղմուկ-աղաղակների, մասնակցեցին երեկ մեկնարկած ֆլեշ-մոբին: Երբ որ մենք արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր  տեղերում, սկսած բանկային համակարգից, սպասարկման ոլորտից, դպրոցներից, պետական կառավարման մարմիններից և այլն, ես համարում եմ, որ այսօր մեզ հաջողվեց իրականացնել մի  փոքր, մինի հեղափոխություն»,-հայտարարեց վարչապետը:

Սրանով, ըստ Փաշինյանի, սկսվում է հանրային վերահսկողության թիմի ձևավորումը, որն առաջիկայում ամենօրյա աշխատանք կկատարի նույն ուղղությամբ, ինչ երեկ և այսօր է կատարել: Ներառյալ  վարչապետի ֆեյսբուքյան էջի թիմը:

«Մտադիր եմ շարունակել հանրային վերահսկողության գործընթացը, և ամեն օր իմ ֆեյսբուքյան էջում անպայման կլինի լայն անդրադարձ դրան: Կոչ եմ անում  մեր հայրենակիցներին ամեն օր որոշակի ժամանակ հատկացնել  և իրենց կողմից արձանագրված խախտումները հնարավորինս տեղայնացված և հասցեական ուղարկել իմ ֆեյսբուքի էջին»:

Նիկոլ Փաշինյանը փաստեց. «Այսօր օրվա ընթացքում մեր համատեղ աշխատանքի ընթացքում տեսանք կարգապահության առնվազն տեսանելի որոշակի փոփոխություն»: