Գլխավոր Քաղաքական Մեղադրանք՝ գործընկերների՞ն. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը

Մեղադրանք՝ գործընկերների՞ն. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը

103
0

Araratnews.am-ն արդեն հրապարակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պարզաբանումը՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ մանդատից հրաժարվելու լուրերին:

Մարուքյանն ասել է՝ կուսակցության կառավարման խորհուրդը կորոշի՝ Խաժակյանի՝ քաղաքապետարանում աշխատել-չաշխատելը:

Araratnews.am-ը  խնդրի մասին զրուցել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:

Պարո՛ն Խաժակյան, Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Ձեր՝ մանդատից հրաժարվելու լուրերին: Համամի՞տ եք նրա գնահատականներին:

Բնականաբար: Մարուքյանն իմ կուսակցության ղեկավարն է, կիսում եմ նրա տեսակետները, քանի որ քննարկել ենք այդ հարցը:

Երեկվա Ձեր հայտարարությունը համաձայնեցրե՞լ էիք կուսակցության հետ, թե՞ ինքնուրույն էիք նման որոշում կայացրել:

Իմ ցանկացած գործունեության դրվագ, որը հնարավոր է ունենա մեծ արձագանք, քննարկում եմ  պարոն Մարուքյանի հետ: Նա էլ աջակցում է, որ դրանք վերհանվեն: Այդպիսին էր նաև պաշտոնական կեղծիքը, այդ թվում նաև՝ հանցագործության մասին իմ տված հաղորդումը, որի կազմման հարցում պարոն Մարուքյանն ինձ աջակցել է: 

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք տվե՞լ է Ձեր երեկվա հայտարարությանը: 

Ես թղթային տարբերակով ուղարկել եմ, քանի որ երկու շաբաթից ավելի է, որ չունեմ  արձագանք իմ հանրային հաղորդումից: Դրա համար ներկայացրել եմ գրավոր ձեւով:

Պարոն Մարուքյանի հայտարարությունը, թե որոշակի իրավիճակ դուրս է Ձեր եւ նրա վերահսկողությունից, անհասկանալի է: Եթե Դուք, պարոն Մարուքյանը՝ օրենսդիր մարմնի անդամը, կարող եք դիմել իրավապահներին, հետամուտ լինել կեղծիքի բացահայտմանը, ինչ է նշանակում՝ վերահսկողությունից դուրս լինել:

Խոսքը վերաբերում է «Լույս» խմբակցությանը, որի մեջ միայն ես եմ ԼՀԿ անդամ: Իմ գործընկերների (նկատի ունի «Հանրապետություն» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանին եւ Անի Խաչատրյանին- հեղ.) հանրային խոսքը դուրս է մեր վերահսկողությունից: Եթե այս խոսքի հետեւանքով կորչում է փաստը, անձնավորված գնահատականներ են հնչեցնում, ստացվում է՝ ի զորու չենք մարդկանց բացատրելու, որ «Լույս» խմբակցությունում միայն ես եմ ԼՀԿ անդամ:

Բայց եթե Ձեր մյուս գործընկերները՝ Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանը,  անձնավորված հայտարարություն են արել, Դուք փաստերով եք խոսել…

Այո: Խոսքը վերաբերում է անձնավորված գնահատականներին, որոնց արձագանքը ծածկել է փաստերի շարադրումը: Մարդիկ կենտրոնացել են այդ խոսելաոճի վրա, փոխանակ կենտրոնանային բուն փաստի վրա: Բազմիցս քննարկել ենք խմբակցության ներսում, որ պետք է զերծ մնալ անձնավորված գնահատականներից, բայց դա, ի վերջո, չի հաջողվել: Ու քաղաքապետարանի պաշտոնական կեղծիքը կորել է անձնավորված գնահատականների շրջանակում:

Այս դեպքում գուցե քննարկվի Թեհմինա Վարդանյանի եւ Անի Խաչատրյանի՝ ավագանու խմբակցությունից դուրս գալու հարցը, ոչ թե Ձեր՝ մանդատից հրաժարվելը: 

Մենք քննարկել ենք բոլոր տարբերակները, շարունակելու ենք քննարկել «Լույսի» շրջանակներում, բայց քանի որ «Լույս» խմբակցությունն իր ազդեցությունն է ունենում  «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա, կուսակցության կառավարման խորհրդում առաջարկվել են այս հարցերը, որոնց մենք փորձում ենք անդրադառնալ: 

Այսինքն՝ քննարկվել է Թեհմինա Վարդանյանի եւ Անի Խաչատրյանի առանձին գործե՞լը:

Ո՛չ, ո՛չ: Քննարկվել են այն հարցերը, որոնք վերաբերում են «Լուսավոր Հայաստան»  կուսակցության լիազորությունների շրջանակներին: Թեհմինա Վարդանյանի եւ Անի Խաչատրյանի գործունեությունը «Հանրապետություն» կուսակցության լիազորությունների  տիրույթում է:

Հիմա ինչպե՞ս եք անելու, որ նրանց անձնավորված գնահատականները չստվերեն Ձեր՝ փաստերով ելույթները:

Ապագա քննարկումները ցույց կտան: 

Թեհմինա Վարդանյանի եւ Անի Խաչատրյանի հետ այսօր քննարկե՞լ եք ստեղծված իրավիճակը: 

Շատ թեթեւ:

Ի՞նչ են ասում: Շարունակելո՞ւ են անձնավորված գնահատականներ տալ, թե՞…

Կքննարկենք, կասենք: 

Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ փոխնախագահը, մեղադրել է Էդմոն Մարուքյանին գրպանային ընդդիմություն լինելու, ամենալավ կադրին պատժելու համար… 

Գիտեք, արդեն երկար խոսեցինք, արդեն մի քանի հեռախոսազանգ բաց եմ թողել… 

Լավ, հստակեցնենք՝ հետայսու քաղաքապետարանին առնչվող բացահայտումներ կլինե՞ն:

Դավիթ Խաժակյանից պատասխան չստացանք: Հեռախոսն անջատվեց, հետագա զանգերն էլ, վերջին երկու հարցերի պատասխանը ճշտելու նպատակով, մնացին անպատասխան: 

Սոնա Դավթյան