Գլխավոր Հասարակություն Մեղուների մասսայական անկում՝ Արմավիրում

Մեղուների մասսայական անկում՝ Արմավիրում

228
0

Արմավիրի մարզի Նորավան եւ Լուկաշին համայնքներում մեղուների անկում է եղել: Նախնական վարկած կա՝ անկման պատճառը թունավորումն է:

Araratnews.am-ը  զանգահարեց Նորավան համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանին՝ մանրամասներ իմանալու:

Նա ասաց, որ երկու մեղվաբույծ այսօր առավոտյան դիմել են իրեն եւ տեղեկացրել՝ երեկվանից մեղուները կոտորվում են: «Մեղվաբույծների պատճառաբանությունն այն է, որ դաշտերում յոնջան պահպանելու համար սրսկել են: Իսկ յոնջայի մեջ ծաղիկ կա՝ խատուտիկը, որի վրա նստում են մեղուները: Մեղվաբույծները ենթադրում են՝ մեղուները նստել են դրանց վրա  ու սատկել»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Նորավան համայնքում  մեղվաբուծությամբ զբաղվում է 6 ընտանիք:

Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանն էլ մեզ  նույն բանը ասաց՝ մեղուների անկման պատճառը գուցե թունաքիմիկատներ են: «Ես կապվել եմ պատկան մարմինների հետ: Երկուշաբթի կգան, եւ կսկսեն փորձաքննություն»,- ասաց պարոն Մկրտչյանը:

Լուկաշինում, ի դեպ, մեծ մասը  զբաղվում է մեղվաբուծությամբ:

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանն էլ արձագանքել է եւ գրել. «Համապատասխան կառույցների մասնագետներն այժմ ուսումնասիրում են Ձեր կողմից բարձրաձայնված խինդրը, վերլուծում են Ձեր տրամադրած տվյալները (լուսանկարներ, տեղեկություններ)»:

Սոնա Դավթյան