Գլխավոր Միջազգային Մերկելը կոչ է արել համավարակի ֆոնին աջակցել ԵՄ-ի տնտեսությանը

Մերկելը կոչ է արել համավարակի ֆոնին աջակցել ԵՄ-ի տնտեսությանը

11
0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հեռուստաուղերձի ժամանակ Եվրամիության երկրներին կոչ է արել «առաջիկա շաբաթներին եւ ամիսներին ցույց տալ, որ մենք կապված ենք միմյանց հետ, որ մենք կհաղթահարենք կորուստները եւ այս ճգնաժամի տնտեսական հետեւանքները»,- հայտնում է DW-ն։

Կանցլերը նշել է Եվրոպայում ընդհանուր տնտեսական իրավիճակի աջակցության համար համաեվրոպական հիմնադրամների ստեղծման անհրաժեշտությունը։ Նա անվանել է երեք միջոցները, որ ԵՄ-ն նախաձեռնում է ճգնաժամի եւ դրա հետեւանքների հաղթահարման համար՝ նշելով, որ առաջին կարեւոր քայլը դարձել է Եվրամիության երկրների ֆինանսների նախարարությունների ղեկավարների պայմանավորվածությունը՝ ԵՄ երկրներում փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների աջակցության համար Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի մասին։

Սակայն դա բավարար չէ, եւ ճգնաժամի ավարտին Եվրոպային պետք կլինի տնտեսության խթանման ծրագիր, շարունակել է Մերկելը՝ նշելով, որ դրա ստեղծման շրջանակներում Գերմանիան պետք է ԵՄ բյուջե ավելի շատ միջոցներ ներդնի, քան դա պլանավորվում էր նախկինում։ Անհրաժեշտ է շարունակել ներդրումները, մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսին բնապահպանությունն է եւ թվային տեխնոլոգիաները, ինչպես նաեւ հաղթահարել ԵՄ կախվածությունը այլ երկրներից նրանում, ինչ վերաբերում է, օրինակ, բժշկական դիմակների արտադրությանը, ընդգծել է կանցլերը։

«Ստեղծված իրավիճակում միասնական Եվրոպան ավելի կարեւոր է, քան սովորական ժամանակներում»,- հայտարարել է կանցլերը՝ նշելով, որ որոշ եվրոպական երկրներ, օրինակ, Իտալիան եւ Իսպանիան, հատկապես ուժեղ են տուժել համավարակի հետեւանքով։

Կամավորների Worldometer միջազգային խմբի տվյալներով՝ համավարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում կազմում է ավելի քան 2,8 միլիոն։ ԵՄ երկրների շարքում վարակվածների թվով առաջատարը Իսպանիան է (ավելի քան 219 000)։ Նրան հետեւում են Իտալիան (մոտ 193 000), Ֆրանսիան (մոտ 160 000) եւ Գերմանիան (ավելի քան 155 000)։