Գլխավոր Իրավական Միքայել Մինասյանի քրեական գործն ուղարկվել է ՊԵԿ. դատախազություն

Միքայել Մինասյանի քրեական գործն ուղարկվել է ՊԵԿ. դատախազություն

62
0
Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը Դատախազությունն ուղարկել է ՊԵԿ: Քրեական գործը հարուցել է Հատուկ քննչական ծառայությունը: Araratnews.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ քննչական դեպարտամենտ է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ նախաքննության շարունակումն այլ գործի հետ ընդհանուր վարույթում իրականացնելու և քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով»,- ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ-ի՝ 2007-2012 թթ. ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել Թումանյան փողոցի «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ չնայած վերջինս ունեցել է դրա համար օրինական թույլտվություն: Արդյունքում ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014 թթ. ընթացքում կրել 1 մլրդ 938,7 մլն ՀՀ դրամի վնաս:

2007-2008 թթ. վարչապետի ավագ օգնականի, 2008-2012 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: