Գլխավոր Վերլուծական Նախկին իշխանավորները փորձում են «վերակենդանացնել» իրենց տիրոջը. կոմպրոմիս չի լինելու

Նախկին իշխանավորները փորձում են «վերակենդանացնել» իրենց տիրոջը. կոմպրոմիս չի լինելու

239
0

Նախկին իշխանավորները հարալեզների պես ամեն գնով փորձում են վերակենդանացնել իրենց տիրոջը, քանի որ հասկանում են՝ անցյալին վերադարձ չի լինելու: Թերեւս այսպես կարելի է բնութագրել Կապանում քաջարանցիների բողոքի ակցիային ամեն կերպ քաղաքական երանգ հաղորդող նախկին իշխանության փորձերը:

Ի՞նչ է եղել իրականում: Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության՝  ապրիլի 26-ին երկու բնակչի վեճի հանգամանքները պարզելու համար Քաջարանի քաղաքապետի կանչով իր բենզալցակայանի մոտ չգործող նախկին ռեստորանում հավաքվել են 20 հոգի, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը: Դրանից 3 օր անց Քաջարանի կոմբինատի աշխատակիցները առեւանգել են երկու քաղաքացու եւ ծեծել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ծեծկռտուքի մասնակիցներից մեկի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Իսկ երեկ ծեծկռտուքի հետ կապ ունեցող 3 քաղաքացի է ձերբակալվել հանցագործություն կատարելու համար: Իրավապահները պարզում են Քաջարանի ղեկավարի մասնակցությունը դեպքին:

 

Եւ ահա երեկ Քաջարանի բնակիչները հավաքվել էին Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ, պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին, քանի որ ըստ լուրերի, եղել է բռնություն: Բացի այդ, ըստ Քաջարանի քաղաքապետի, իրավապահները բերման են ենթարկել նաև նրա հարազատներին:

Մարդկայնորեն կարելի է հասկանալ ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքված քաղաքացիներին, որոնք անհանգստանում են ձերբակալված իրենց հարազատների համար: Սակայն ավելի ուշ եղան հրապարակումներ ցույցն ուղղորդելու մասին: Ուղղորդողներից մեկը խարդախության համար ազատազրկման է ենթարկվել 5 տարի: Քաջարանի քաղաքապետը նույնիսկ քաղաքական հայտարարություն արեց՝ թե իբր որոշ պետական այրերի կոկորդին է իր ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը, ուստի իր դեմ սկսվել է քաղաքական հետապնդում: Մինչդեռ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ հստակ գրված է՝ Քաջարանի քաղաքապետի նախաձեռնությամբ են 20 քաղաքացի հավաքվել իր տարածքին մոտ չգործող շինությունում, որտեղ էլ սկսվել է ծեծկռտուքը:

Արդյոք Կապանի բողոքի ակցիան «ինքնաբուխ» էր, հանուն ձերբակալված քաղաքացիների ազատ արձակման, եթե հիշեցնենք՝ ումն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը: Մամուլում դեռ նախորդ տարի հրապարակում եղավ, որ գործարանում բաժնեմասեր ունեն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որոնք  իշխանափոխության պահանջ են դնում, իրենց արբանյակներով հրահրում սադրանքներ, ամեն կերպ փորձում ցույց տալ, թե հանրության մեծ մասը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Իսկ քաղաքացիների դժգոհության ֆոն ստեղծելը գործարանի աշխատակիցներով, մեդիառեսուրսներով այդքան էլ դժվար չէ: Քաջարանի քաղաքապետ Մանվել  Փարամազյանի հայտարարությունը լսելիս եւս տպավորություն ենք ստանում, թե նրա կապերը դեպի նախկին իշխանություն են տանում: Մինչեւ Քաջարանի քաղաքապետ ընտրվելը եղել է բիզնեսմեն՝ ունի սրճարան, բենզալցակայան, ավտոլվացման եւ ավտոտեխսպասարկման կետեր: Ու ոչ մի պատասխան, թե ինչ միջոցներով է սկսել իր բիզնես գործունեությունը: Իսկ նախկին իշխանության օրոք լինել բիզնեսմեն՝ առանց այդ իշխանության որոշակի հովանավորչության, մեծ մասամբ անհնար էր:

Բացի հանրության դժգոհության «ֆոն» ստեղծելուց՝  տարօրինակ զուգադիպությամբ աղմկեցին նաև իշխանության նախկին ներկայացուցիչներ պետականության կորստի մասին՝ փոխանակ սատարելու հանրության կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը, լուծում առաջարկելու՝  ստեղծված իրավիճակից դուրս գալու:

Երկրի դժվարին օրերին, երբ կորոնավիրուսի տեմպերն աշխարհում եւ Հայաստանում չեն նվազում, մարդկությունը, պետությունները ջանում են լուծում գտնել այս իրավիճակից, երբ իշխանությունը ամեն ինչ անում է թե ֆինանսապես, թե այլ միջոցառումներով աջակցելու սոցիալապես խոցելի խավերին, զերծ պահելու զինված ուժերին վարակից, աչալուրջ լինելու հակառակորդին, որն առիթը բաց չի թողնում օգտվելու այս իրավիճակից, ձեռնարկում է դիվերսիոն գործողություններ, նախկին իշխանությունը սեփական վերարտադրության, սեփական կլանային ու մաֆիոզ շահերը վեր դասելով՝ փորձում է խժդժություններ առաջացնել երկրում, անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել ՕՐԻՆԱԿԱՆ իշխանության մասին: Արժե հիշեցնել եւ համեմատել, որ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ երկիրը ղեկավարում էր հանրության կողմից չընտրված մաֆիոզ համակարգը, երբ բանակում ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, չարաշահումներ, իշխանությունը՝  որպես  նախկին ընդդիմություն, այսպիսի սաբոտաժ, պղտոր ջրում ձուկ որսալու եւ քառօրյայի ալիքի վրա երկրի ղեկը զավթելու փորձ չարեց: Կար միասնականություն, կամք՝  մինչեւ վերջին շունչը պայքարելու հանուն Հայաստանի: Իսկ ինչ արեցին նախկինները՝ ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց՝ նույն օրը, ապրիլի 2-ին, ընտրակաշառքով, ընտրակեղծիքով վերարտադրվեցին խորհրդարանական ընտրություններով՝ ոչ մի սրբություն հաշվի չառնելով, ու մինչ օրս էլ շարունակում են այդ նույն գործելաոճը:

Եւս մեկ փաստ հիշեցնենք վարակը քաղաքական մահանա սարքած նախկին իշխանությանը: 2016 թ-ին, երբ Հայաստանում գրիպի AH1N1 տեսակն էր տարածվում, ինչո՞ւ չկանխեցիք այն, քայլեր չձեռնարկեցիք, եթե դա անելն այդքան դյուրին է, ինչպես վայրահաչում եք այսօր:

Հ.Գ. Ո՞րն է նախկին իշխանության ուզածը: Դիպուկ է բնութագրել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ սա նախկինների մնացորդների վերջին խաղն է, որը փորձում են վերածել համաժողովրդական ողբի: Սակայն դա չի հաջողվելու, քանի որ ինչպես երկրի լեգիտիմ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կոռուպցիայի ու կրիմինալի հետ կոմպրոմիս չի լինելու: