Գլխավոր Կրթություն Ներում չի լինելու․ Վիրաբյան

Ներում չի լինելու․ Վիրաբյան

111
0

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է․

«Մայիսի 20-ին բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը:

Այսօր հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հրավիրված հանդիպմանը խոսեցի անվտանգության կանոնների պահպանման և աշխատանքների կազմակերպման մասին: Նախնական հարցումներով սպասվում է երեխաների շուրջ 30-35% այցելություն:

«Մեր երեխաների անվտանգությունը մեզ համար ամենակարևորն է: Եթե որևէ մանկապարտեզում որևէ աշխատակից խախտի անվտանգության կանոնները, ապա ներում չի լինելու, և տվյալ աշխատակիցը կամ աշխատակիցներն այլևս հանրակրթության համակարգում անելիք չեն ունենա: Մենք գործ ունենք ավելի քան 11 հազար երեխաների և նրանց ընտանիքների առողջության և անվտանգության հետ: Սա միակ դեպքն է, որ փոխզիջում չենք տեսնում: Ամեն մեկն այս օրերին պետք է ցուցաբերի սոցիալական պատասխանատվություն»:
Մանկապարտեզներում կիրականացվի ամենօրյա ախտահանում, աշխատակիցները կկրեն դիմակներ, որոնք օրվա ընթացքում կկարողանան փոխել:
Անմիջապես մուտքի մոտ առավոտյան ու նաև օրվա ավարտին բոլոր երեխաները կջերմաչափվեն՝ հեռահար աշխատող սարքերով: Բակերում ծնողների համար կլինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով: Խաղերն ու դասաժամերն էլ հիմնականում կկազմակերպվեն բացօթյա՝ պահպանելով երեխաների միջև սոցիալական հեռավորությունը: Ննջասենյակների հատվածներում ևս պետք է պահպանվի համապատասխան հեռավորություն:
Խորհրդակցությանը մեկ անգամ ընդգծել եմ, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթությունը կտրվի աշխատող ծնողների երեխաներին: Բայց սա չի նշանակում, որ տնօրենները կամ աշխատակիցներն իրավունքն ունեն պարտադրել ծնողներին՝ երեխաներին բերել կամ չբերել մանկապարտեզ»:

Նա ավելի ուշ տեղեկացրել է նաեւ, որ հանդիպել է Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ:

Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները: Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի մատակարարը մտնի պահեստային տարածք, ապա դա պետք է կազմակերպվի բոլոր կանոններին հետևելով:

Մատակարարների հետ քննարկեցինք նաև որոշ սննդատեսակների փաթեթավորման փոփոխությունները՝ բարձրացնելով դրանց անվտանգությունը:
Երեխաների առողջապահական անվտանգության հարցը մեծապես կախված է նաև սննդից: Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորին բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ: Այն մատակարարները, որոնք կխախտեն պահանջները, նրանց հետ մենք այլևս անելիք չենք ունենա:

Մանկապարտեզներում նախապատարստական աշխատանքներին և ձեռնարկված միջոցառումներին կհետևեմ նաև անակնկալ ստուգայցերով»,- գրել է նա: