Գլխավոր Հասարակություն Նունե Եսայանի երկրպագուն՝ ապատեղեկատվության զոհ

Նունե Եսայանի երկրպագուն՝ ապատեղեկատվության զոհ

227
0

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ երգչուհի Նունե Եսայանը լայվ էր մտել և ցույց էր տալիս, որ գնացել է «Ռեժինե» հյուրանոցային համալիրում գտնվող իր երկրպագուհուն՝ Քրիստիենե Ասատրյանին այցելության:
Հրապարակված տեսանյութում պարզ երևում է, որ երգչուհին բժիշկներից հարցնում է Քրիստինեի առողջական վիճակի մասին` հրապարակելով վերջինիս անուն-ազգանունը:
Համացանցում աղմուկ հանած տեսանյութը և մեզ հասած տեղեկությունները, թե Քրիստինե Ասատրյանը խնդիրներ ունի միջադեպի հետ կապված, փորձեցինք պարզել հենց Քրիստինեից:
Վերջինս հաստատեց, որ գտնվել է վերը նշված հյուրանոցում, ունեցել է ջերմություն, որ Նունե Եսայանը այցելել է իրեն, բայց ինքը ամենևին էլ վարակված չի եղել կորոնավիրուսով:
«Նունե Եսայանը եկել է ինձ մոտ, մենք իրար հետ չենք հանդիպել: Ինքն առաջին հարկում է եղել, ինձ բերել է սնունդ և հեռախոսի մարտկոց: Ես վարակված չեմ եղել: Ես ուղղակի շաքարային դիաբետ ունեմ ու ջերմություն ունեի: Քանի որ չէր իջնում ջերմությունս, իմ պոլիկլինիկայի բժիշկը նպատակահարմար գտավ, որպեսզի թեստավորում անցնեմ: Թեստավորում եմ անցել, որից հետո ինձ տեղափոխել են «Ռեժինե» հյուրանոցային համալիր, որտեղ մնացել եմ մոտ 25 ժամ: Ցերեկը պատասխանը եկել է բացասական, որ ինձ մոտ կորոնավիրուս չկա: Երբեք վարակված չեմ եղել, որևէ մեկի հետ չեմ էլ շփվել, ով հնարավոր է վարակված լիներ: Պարզապես իմ ապահովության համար բժիշկը նպատակահարմար է գտել, որպեսզի ես անցնեմ թեստավորում»,- ասում է Քրիստինե Ասատրյանը:
Մեր հարցին, թե երգչուհի Նունե Եսայանը որտեղից է իմացել, որ նա վարակված է և եկել է այցելության, Քրիստինե Ասատրյանը մեկնաբանեց.
«Ես Նունե Եսայանի արվեստի երկրպագուն եմ՝ շուրջ քսան տարի: Մենք մտերիմ ենք: Ինքը գիտեր, որ ես ջերմություն ունեմ, պարբերաբար զանգում էր, հարցնում էր իմ ինքնազգացողության մասին: Հետո, երբ անալիզները հանձնեցի, տեղյակ պահեցի, որ անալիզներս հանձնել եմ, հյուրանոցում եմ, սպասում եմ պատասխանին: Անհանգստացել է: Ես ասեցի, որ հեռախոսիս մարտկոցը նստում է, որից հետո ինքը որոշում է մարդկային առումով, ընկերական, որպես երկրպագու, չգիտեմ` որպես երախտագիտություն, որոշում է ինձ միրգ ու մարտկոց բերի, որպեսզի կարողանամ կապի դուրս գամ մարդկանց հետ: Քանի որ չի կարողանում բացատրել, ուղղակի նկարելուց անուն-ազգանունս տալիս է»:
Araratnews.am-ի հետ զրույցում Քրիստինե Ասատրյանը ասաց, որ տեսանյութի հրապարակվելուց հետո ինքն անձնական խնդիրներ ունեցավ, քանի որ մարդիկ մտածում էին, որ կորոնավիրուսով վարակված է եղել ու թաքցրել է իրենցից այդ փաստը. «Երբ եկան պատասխանները, որ արդյունքները բացասական են, Նունեն էլ իր ֆեյսբուքյան և ինսթագրամյան էջերում գրեց, որ, փառք Աստծո, իմ երկրպագուհու մոտ արդեն ամեն ինչ նորմալ է, բացասական են եղել թեստի արդյունքները: Ինքը հիմա գտնվում է տանը: Որից հետո ընկերներիցս մեկն ինձ ուղարկում է, թե ինչ-որ կայքում գրված է, որ ես վարակվել եմ ու արդեն ապաքինված եմ, Նունե Եսայանն էլ եկել է ինձ այցելության: Հիմա ես կրկնակի ընկա պատմությունների մեջ: Որովհետև մարդկանց չեմ կարողանում անընդհատ բացատրել, որ վարակված չեմ եղել»:
Քրիստինեն մեզ հետ զրույցում ասաց նաև, որ ինքը շատ շնորհակալ է իր սիրելի երգչուհուն, որը միայն եկել է իրեն տեսնելու: Նա նշեց նաև, որ Նունե Եսայանը շատ լավ մարդ է: Քրիստինե Ասատրյանը զարմանում է, թե լրագրողը ինչու է գրել, որ ինքը հիվանդ է: Երկրպագուհու խնդիրն այն է,որ ինքը անչափահաս երեխա ունի` յոթ տարեկան, որին անընդհատ հարցեր են տալիս իր առողջական վիճակի մասին:
Ստացվում է, որ Քրիստինե Ասատրյանը դարձել է ապատեղեկատվության զոհ: Քրիստինեն հերքում է տեղեկատվությունը և բացատրում մարդկանց ամբողջ եղելությունը։
Հայկ Մագոյան