Գլխավոր Հայաստան Շաբաթվա ստերը. 25 մայիսի

Շաբաթվա ստերը. 25 մայիսի

67
0

Araratnews.am լրատվականը սկսում է  նոր նախագիծ՝ «Շաբաթվա ստերը»: Յուրաքանչյուր երկուշաբթի ամփոփելու և ընթերցողին ենք ներկայացնելու նախորդ շաբաթվա ընթացքում հնչեցված քաղաքական ու հասարակական հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնք պարունակում են սուտ տեղեկատվություն:

Շատ հեշտ է հասարակությանը ապակողմնորոշել: Տեղեկատվական հարթակում շատ տարբեր են լուրերը իրադարձությունների, քաղաքական և հանրային դեմքերի մասին. ժողովուրդը հաճախ չի տարբերում ճիշտը ստից:

Մեր այս նախագծով կփորձենք օգնել  հանրությանը տարբերել ճիշտը ստից: Մերկապարանոց հայտարարությունների փոխարեն ներկայացնելով փաստեր:

Եվ այսպես այս «Շաբաթվա ստերում» անդրադարձել ենք մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ադամանդների աղմկահարույց դեպքերի, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը և Հայաստանում 5G աշտարակների մասին ստերին:

#սուտ

Շաբաթվա ամենաքննարկված թեմաներից մեկը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան,  Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսաուղերձներից մեկն էր, որտեղ վերջինս իշխանություններին մեղադրում էր արտերկրից ադամանդներ ներմուծելու, Հայաստանում դրանք մշակելու և այլ երկրներ շատ մեծ ծավալներով արտահանելու և ապօրինի բիզնեսով զբաղվելու մեջ։

#Ճիշտ

Միքայել Մինասյանի հայտարարությունը իրականության հետ աղերս չունի: Ըստ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող Արտաքին առևտրի տվյալների բազայի՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է մոտ 9․5 մլն դոլար արժողությամբ ադամանդ, ինչը դրամային արտահայտությամբ կազմում է մոտ 4․6 մլրդ դրամ։

Այս առնչությամբ արձագանքեց նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը հստակ հարց էր տվել` կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է արտահանվել։

#սուտ

ՀՀԿ-ականները առիթը բաց չեն թողնում, որպեսզի քննադատեն ու մեղադրեն գործող իշխանությանը: Նախորդ շաբաթ Էդուրադ Շարմազանովն ասել էր, որ Փաշինյանը տանուլ է տվել ամեն ինչ և օր օրի կորցնում և մսխում է մեր պետական ինքնիշխանությունը, մեր պետական շահը:

#Ճիշտ

Ուղղակի զարմանալի է, որ հանրապետականները, որոնք տարիներ շարունակ ինքնիշխանությամբ են զբաղվել, մսխել են պետական բյուջեն, դեռ հանդգնում են խոսել ու անգամ մեղադրել:

Հիմա մի քանի փաստ ի պատասխան հանրապետական Շարմազանովին:

2019 թվականի արդյունքներով մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե:

Իսկ արտակարգ դրության պայմաններում, կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար շուրջ երկու տասնյակ միջոցառումներով աջակցել է քաղաքացիներին:

 

#սուտ

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և հրապարակել աշտարակների նկարներ: Խաչատրյանը հավաստիացնում էր, որ դրանք  5G աշտարակներ են Հայաստանում`Երևանում: Ուսումնասիրելով Մարինա Խաչատրյանի էջը՝  նկատում ենք, որ նա լուրեր է տարածում, թե այդ աշտարակները վտանգավոր են:

#Ճիշտ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, խոսելով 5G-ի մասին, ասում է, որ 5G Հայաստանում չկա, և կարծում է՝ առաջիկա 3-5 տարում չի լինի: Ըստ Մարտիրոսյանի՝ մարդիկ արդեն եղած բջջային կապի կայաններ են տեսնում և վերագրում են 5G-ին: Մարտիրոսյանն ասում է, որ 5G-ի մասին անգրագետ խոսակցությունները զոմբիացման տպավորություն են թողնում, մարդիկ իրական խնդիրները թողած՝ քննարկում են անհեթեթություններ:

Նախորդ շաբաթվա ստահոդ տեղեկություններից առանձնացրել էիք սրանք: Եղեք տեղեկացված, հետևեք անաչառ լրատվությանը և մի՛ դարձեք մեդիապատերազմի զոհ: Առողջ եղեք…

Հայկ Մագոյան