Գլխավոր Հայաստան Շիրակի մարզում ուժեղ քամու հետևանքով վնասվել է 18 համայնք. մարզպետը խորհրդակցություն է...

Շիրակի մարզում ուժեղ քամու հետևանքով վնասվել է 18 համայնք. մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

11
0

Նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին ասված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

«Մարզպետին զեկուցվել է, որ դեռ երեկվանից մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար։ Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։

Քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու և վերջնական ճշգրտումների համար Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։ Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն»,- ասված է գրառման մեջ։