Գլխավոր Uncategorized Շուկան միանշանակ վերահսկվում է. Վարոս Սիմոնյան

Շուկան միանշանակ վերահսկվում է. Վարոս Սիմոնյան

15
0

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներածական խոսքը և պարետի որոշումները ներկայացնելուց հետո պատասխանեց ԶԼՄ-ների հարցերին:

Araratnews.am-ի հարցին ի պատասխան, թե վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների զգալի աճ, և, կորոնավիրուսով պայմանավորված՝ հասարակությունն առանց այդ էլ կանգնած է ֆինանսական խնդիրների առաջ, օրեցօր թանկացող մթերքն ավելի է ծանրացնում մարդկանց վիճակը, ո՞րն է գնաճի պատճառը, և արդյոք վերահսկվում է շուկան, Վարոս Սիմոնյանն ասաց. «Շուկան միանշանակ վերահսկվում է: Մեր գործընկերները`Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ, և այլ գործընկեր կառույցներ՝ նույնպես: Հնարավեր են որոշակի բարձրացումներ, բայց նշեցի, թե ինչ գործընթաց է իրականացվում կառավարության կողմից: Այսինքն՝ այն այլընտրանքային միջոցառումները, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը»:

Նախարարը պատասխանեց նաև բեռնափոխադրումների մասին հարցին: Նա նշեց, որ Վրաստանում նույնպես կարանտին է: Բեռնափոխադրումները կատարվում են միայն ուղեկցությամբ: Իսկ Լարսի անցակետի մասով Վարոս Սիմոնյանը տնտեսվարողներին խորհուրդ տվեց նաև հաշվի առնել եղանակային պայմաններն ու կորոնավիրուսային իրավիճակը տվյալ երկրներում:

Հարց հնչեց ոսպին և հնդկաձավարին փոխարինող սննդի մասին Էկոնոմիկայի նախարարի հայտարարության վերաբերյալ: Պատասխանողը հղում կատարեց սննդաբան Դավիթ Պիպոյանին, որն այս առնչությամբ խոսել է և ներկայացրել համապատասխան բացատրություն:

ՀԴՄ կտրոններ չտպողների մասով նախարարի տեղակալն ասաց, որ կառավարության ղեկավարն արդեն խոսել է այս թեմայով: Տնտեսվարողներին խորհուրդ տրվեց չօգտվել առիթից: Մինչ համաճարակը սահմանված պահանջները շարունակում են այդպիսին մնալ: Եվ այսօր առավել ուշադիր պետք է լինեն տնտեսվարողները հատկապես ՀԴՄ կտրոնների մասով՝ մասնավորապես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հայկ Մագոյան