Գլխավոր Հասարակություն Որ դեպքում թոշակը տուն չեն բերի

Որ դեպքում թոշակը տուն չեն բերի

89
0

Araratnews.am-ի խմբագրություն էին զանգահարել մի քանի թոշակառուներ եւ տեղեկացրել, որ այս տարվա հուլիսից այլեւս կենսաթոշակը տուն չեն բերելու: Նրանց մտահոգում էր այն, որ կենսաթոշակառուներից շատերի համար դժվար կլինի ինքնուրույն գնալ բանկ՝ թոշակ ստանալու:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային հարցերի վարչության աշխատակից Արմինե Բալյանը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց թոշակն այլեւս տուն չբերելու տեղեկությունը:

Աշխատակցի խոսքով՝ կառավարության որոշմամբ, մինչեւ 2023 թվականը  աստիճանաբար կհաստատվի կենսաթոշակների վճարման օնլայն համակարգ, որը մեր երկրում կհաստատվի աստիճանաբար՝ փուլ առ փուլ:

Աշխատակցի խոսքով՝ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը, 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում կենսաթոշակի անկանխիկ վճարում կարվի 2022 թվականի հունվարի 1-ից հետո, մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո:

Փաստորեն, 2020-2023 թթ. անկանխիկ վճարման եղանակը կտարածվի գրեթե ամբողջ երկրում:

Գյուղերի ցանկը՝ ըստ բնակչության քանակի, հաստատում է կառավարությունը՝ մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը:

Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետեւյալ դեպքերում.

1) կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է,

2) լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,

3) կենսաթոշակը վճարվում է լիազորագրով,

4) կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ:

Աշխատակցի խոսքով՝  կառավարության որոշումը դեռ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում չի ընդգրկվել եւ չի քննարկվել: