Գլխավոր Կրթություն Ուսանողը. Անահիտ Ավդալյան (իրավագետ)

Ուսանողը. Անահիտ Ավդալյան (իրավագետ)

212
0
Անահիտ Ավդալյան

AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Անահիտ Ավդալյան

Մեր զրուցակիցը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր), «Իրավագիտություն»՝ Քրեական իրավունք և դատավարություն մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Անահիտ Ավդալյանն է:

Անահիտ, հատկապես մեր սերունդը քաջածանոթ է, որ հայ ծնողները բաժանվում են երկու մասի. մի մասը ցանկանում է, որ իրենց երեխան ընտրի բժշկի, մյուսը՝ իրավաբանի մասնագիտությունը: Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել: Ծնողնե՞րն են Ձեզ դրդել, որպեսզի ընտրեք իրավաբանի մասնագիտությունը, թե՞ սեփական նախաձեռնությամբ եք դա արել:

Վստահաբար կարող եմ ասել, որ ծնողներիս հարցում իմ բախտն իսկապես շատ է բերել։ Ինձ համար լավ ծնողներ լինելուց զատ, նրանք սատար են կանգնում, երբ իմ կյանքում կարևորագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Իմ առաջին և անփոխարինելի խորհրդատուն հայրս է, միշտ այդպես է եղել։ Եվ ինչն է զարմանալի, որ մեր դիրքորոշումները գրեթե միշտ համընկնում են։ Փոքրահասակ էի դեռ, երբ որոշեցի, որ պետք է իրավաբան դառնամ։ Հետո անցան տարիներ, և ես համոզվեցի, որ՝ այո, ընտրելու եմ իրավաբանի մասնագիտությունը։ Այս մասնագիտությունը ինձ գրավում էր նրանով, որ հենց այս ոլորտում է ամենից շատ հարկավոր արդարություն հաստատել, և ես ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ հնարավորին չափով այդ պատվավոր բեռը վերցնել իմ ուսերին։ Ցանկացած նպատակ ի կատար է ածվում հայրիկիս քաջալերանքի շնորհիվ, և ես շատ ուրախ եմ, որ կյանքի կարևորագույն որոշումներից մեկի՝ մասնագիտության ընտրության հարցում մեր միջև որևէ տարաձայնություն չի առաջացել։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները պետք է քննություն հանձնեն երեք առարկայից. հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն, օտար լեզու: Ի՞նչ եք կարծում, բուհում ուսումնառության տարիներին այդ առարկաների հիմքը օգնո՞ւմ է ուսանողներին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բուհ ընդունվելուց հետո ուսանողները խորությամբ չեն ուսումնասիրում այդ երեք առարկաները:

Երբ խոսքը վերաբերում է իրավաբանությանը, ապա կարող են ասել, որ համալսարանում նշված առարկաների ուսումնառության կարևորությունը հետևյալն է. իրավաբանը պետք է օրենքներ յուրացնի, որոնք անհրաժեշտ է նաև մտապահել, իսկ հայոց պատմություն սերտած նորաթուխ իրավաբանն արդեն ունի որոշակի փորձ. չէ՞ որ ինչպես հայոց պատմություն, այնպես էլ օրենքներ ուսումնասիրելիս անհրաժեշտ է լավ հիշողություն ունենալ և ձեռք բերած գիտելիքն ամրագրել ուղեղում։ Իրավաբանը պետք լինի գրագետ, պետք է իմանա հայերենի ուղղագրական և կետադրական կանոնները, որն ամրապնդվում է հայոց լեզվի ուսումնառությամբ։ Ինչ վերաբերում է օտար լեզվի իմացությանը, ապա կասեմ, որ մեր օրերում յուրաքանչյուր զարգացած անհատ պետք է իմանա մեկ կամ մի քանի օտար լեզու։ Ես համարում եմ, որ էական չէ, թե այս առարկաներն ինչ խորությամբ են ուսումնասիրվում, այլ էական է այն հանգամանքը, որ հենց այս առարկաների իմացության հենքի վրա կարող է ձևավորվել իրավաբան անհատը։

Անահիտ Ավդալյան

Անահիտ, ի՞նչ եք կարծում, լավ իրավաբան լինելու համար միայն օրենքներին գերազանց տիրապետելը բավարա՞ր է, թե, այնուամենայնիվ, իրավաբան լինելուց առաջ անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել միջանձնային հոգեբանությունը:

Իրավաբաններն իրենց բնույթով նաև հոգեբաններ են։ Օրենքներին տիրապետելը, ինչ խոսք, պարտադիր է, սակայն ամեն բան ավելի ամբողջական է դառնում, երբ իրավաբանի մեջ ձևավորվում է ներքին համոզմունք այս կամ այն հարցի կամ անհատի վերաբերյալ։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ մարդկանց բնույթը զգալու, իրավիճակը ռեալ գնահատելու կարողությունս ինձ օգնում է նաև մասնագիտությանս մեջ։ Կարծում եմ, որ մեկը մյուսին փոխկապակցված է։
Հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ հիմնականում ընդունվում են այսպես ասած «պրեստիժից» ելնելով: Ձեր դիտարկմամբ, արդյոք, այս կարծիքը համապատասխանում է իրականությանը:
Այս հարցին միանշանակ պատասխան չեմ կարող տալ, քանի որ տարբեր մարդիկ, տարբեր դրդապատճառներով են առաջնորդվում մասնագիտության ընտրության հարցում։ Բաց մի բան հստակ կարող եմ ասել. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ուժերի գերլարումով պետք է սովորել՝ ուր մնաց թե Ձեր նշած «պրեստիժի» համար ընդունվել։ Այդպիսի մարդկանց դերը ոչ միայն ֆակուլտետի պատմության, այլև իրավաբանության մեջ պարզապես առարկայազուրկ կդիտվի։
Անահիտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ուսանելու տարիներին հատկապես ո՞ր առարակներից եք ստացել ամենապրակտիկ գիտելիքները:
Կդժվարանամ առանձնացնել, քանի որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ իրենց գործին գիտակ մասնագետների միջոցով ուսանողներին օժտել է որակյալ տեսական և պրակտիկ գիտելիքներով։ Իմ հետաքրքրության շրջանակներում մշտապես քրեաիրավական ուղղվածության առարկաներն են եղել, որոնք ունեն ուսանողների մեծ թվով լսարան։
Ձեր համալսարանական պրակտիկան ո՞ր հաստատություններում եք անցել: Մի փոքր կպատմե՞ք իրավաբանական պրակտիկայի ընթացակարգի մասին:
Բակալավրում ուսանելու տարիներին փորձաշրջանն անցել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, որտեղ ծանոթանում էինք հասարակության տարբեր կատեգորիայի անձանց խնդիրներին և փորձում գտնել իրավաչափ լուծումներ։ Մագիստրատուրայում, արդեն, փորձաշրջանը որոշված էր անցնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Փաստաթղթաշրջանառություն, դատական գործերի ուսումնասիրում, ինչպես նաև մասնակցություն դատական նիստերին։
Անահիտ, կթվարկե՞ք այն ոլորտները, որտեղ կարող է իր մասնագիտական գործունեությունը ծավալել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտը:
Բազմատեսակ են այն ոլորտները, որոնք կարող եմ թվել. մի շարք պետական կառուցներում, այդ թվում՝ հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններում, դատական համակարգում։ Ինչու ոչ՝ նաև մասնավոր ոլորտում։ Կարծում եմ՝ նախասիրության հարց է։
Առաջնահերթ ի՞նչ խորհուրդ կտաք այն դիմորդներնն, որոնք ցանկանում են ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
Հորդորս այն է,  որ մի լավ պետք է ծանր ու թեթև անել նախքան իրավաբանի մասնագիտությունը ընտրելը, քանի որ այն բարդ, մեծ ջանքեր պահանջող, միևնույն ժամանակ պատասխանատու մասնագիտությունների շարքին է դասվում։ Եթե իսկապես պատրաստեն նվիրվել այս մասնագիտության իրենց ուժերի ներածին չափով, ապա միանշանակ կողջունեմ նրանց ընտրությունը և բարի երթ կմաղթեմ նրանց։
Օլյա Շահինյան