Գլխավոր Կրթություն Ուսանողը. Լալա Սահակյան (մանկավարժ)

Ուսանողը. Լալա Սահակյան (մանկավարժ)

149
0
Լալա Սահակյան

AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը ՀՊՄՀ տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի շրջանավարտ, նույն բաժնի մագիստրանտ Լալա Սահակյանն է:

Լալա Սահակյան

Լալա, հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ ամենաչգնահատվածն ու անշնորհակալը մանկավարժի աշխատանքն է: Կասե՞ք, թե ինչպես ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: Նման խոսակցությունները Ձեզ մտքափոխ չէի՞ն անում:

Մասնագիտությունս ընտրել եմ շատ պատահական: Արդեն ընտրել էի, թե որ առարակաները պետք է խորապես ուսումնասիրեի ավագ դպրոցում: Մաթեմատիկան արդեն իսկ ենթադրում էր տնտեսագիտական ուղղվածություն: Սակայն դա իմը չէր: Ես ընտրեցի այնպիսի մասնագիտություն, որ ընթացքը հաճելի լինի, ամեն օրը տարբերվի, կարողանամ ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել, իմպրովիզներ անել: Ցավոք, մեր հասարակության վերաբերմունքը սխալ է մասնագիտական կողմնորոշման ժամանակ… Բոլորը նախընտրում են հայտնի բուհեր ու ֆակուլտետներ ընդունվել, և տարածված կարծրատիպ կա, թե ովքեր ցածր են հավաքում, հայտնվում են մանկավարժականում: Պետք է գիտակցել, որ հենց լավագույնները պետք է գնան մանկավարժական համալսարան, որպեսզի բանիմաց ուսուցիչներ ունենանք. չէ՞ որ իրենք են սերունդ կրթում: Ես էլ նույն սկզբունքով շարժվեցի… մեզ պետք են լավ ուսուցիչներ:

Մանկավարժական համալսարանում ուսանելու ընթացքում ավելի շատ տեսակա՞ն, թե՞ կիրառական գիտելիքներ եք ձեռք բերել:

Թե տեսական, թե գործնական գիտելիքներ ձեռք ենք բերում: Սակայն հարց է` աշխատելիս այդ տեսությունները որքանով կիրառելի կլինեն:

Լավ մանկավարժ լինելու համար նախևառաջ անհրաժեշտ է լավ հոգեբան լինել. համաձա՞յն եք:

Լավ մանկավարժ աշխատելու համար շատ կոմպետենցիաներ են պետք: Սակայն ինձ համար առաջնայինը անձնային որակներն են: Ուսումնառության ընթացքում, բնականաբար, ուսումնասիրել ենք հոգեբանությունն իր բոլոր ճյուղերով: Ինձ բախտ է վիճակվել ունենալ հրաշալի դասախոսներ, որոնցից կնշեմ Ռ. Պողոսյանին, Ն. Հարությունյանին: Սակայն մեր ուղղվածությունը ավելի շատ մանկավարժությունն է:

Լալա Սահակյան

Մանկավարժական համալսարանում հոգեբանության ուսուցմանը հատո՞ւկ ուշադրություն է դրաձվում: Ի՞նչ մեթոդաբանությամբ է այն մատուցվում ապագա մանկավարժներին:

Հոգեբանություն ուսումնասիրում ենք 1-ին տարվանից: Հիշում եմ`ամենադժվար առարկաներից էր: Հաջորդ տարիներին արդեն ուսումնասիրել ենք տարիքային և մանկավարժական հոգեբանություն, որից հետո կարող էինք արդեն ընտրել`մանկավարժություն, թե հոգեբանություն: Ինքս ընտրել եմ մանկավարժությունը, որովհետև միշտ էլ ավելի հետաքրքրված եմ եղել մանկավարժական տեսություններով:

Լալա, ի վերջո ուսուցիչն աշակերտների ընկե՞րն է, թե՞ առաջնորդը: Ի՞նչ հիմքերով պետք է կառուցվեն մանկավարժ-աշակերտ հարաբերությունները:

Իմ աշխատանքային փորձից ելնելով` կասեմ, որ ուսուցիչն աշակերտի ավագ ընկերն է և օգնականը, որը նաև առաջնորդում է երեխային ուսուցման ընթացքում: Շատ կարևոր է, որ աշակերտներն ուսուցչի հետ մի ամուր բռունցք դառնան, և ուսուցիչը լինի նրանցից մեկը, պետք է ձուլվել դասարանի հետ և դառնալ «Մենք»: Դա դասարանի հաջողության 1-ին գրավականն է: Երբեմն լինում է, որ որևէ հարցի շուրջ նստում ու սկսում ենք լուրջ քննարկել ինչպես հավասարը հավասարի հետ, ու երեխաները չեն վախենում իրենց կարծիքն ու տեսակետը հայտնելուց, որովհետև ուսուցչուհին չի ասի` ինչպես համարձակվեցիր այսինչ բանն ասել:

Ինչպե՞ս եք վերաբերվում աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառմանը: Երբևիցե նման գործելաոճը կարելի՞ է արդարացնել: Մասնագիտական գործունեության ընթացքում դիմե՞լ եք նման մեթոդի:

Շատ վատ եմ վերաբերվում: Նման գործելաոճով աշխատողները պետք է մի պահ մտածեն` ինչու իրենք հասուն մարդու հանդեպ բռնություն չեն գործադրում: Երեխան մարդ է, և ցանկացած ֆիզիկական բռնություն իր մեջ պարունակում է նաև հոգեբանական բռնություն: Եվ ի վերջո՝ այդպես ցանկացած ուսուցիչ ցույց է տալիս իր անզորությունն ու պարտությունը երեխայի նկատմամբ: Ուսուցիչը չգտավ երեխայի հոգու բանալին, ուրեմն՝ նա պարտված է:

Համալսարանական պրակտիկան բավարար մասնագիտական հմտություններ տալի՞ս է ապագա մանկավարժին: Մի փոքր կպատմե՞ք մանկավարժական պրակտիկայի ընթացակարգից:

Մենք բավական երկար պարկտիկա ենք անցնում: 2-րդ կուրսից սկսած՝ շաբաթական 1 օր ամբողջությամբ անցկացնում ենք դպրոցում: Ընդ որում՝ ընտրվում են քաղաքի լավագույն մասնավոր և հանրակրթական դպրոցները: Սկզբնական շրջանում դասալսումներ ենք իրականացնում, ծանոթանում ենք դպրոցական կյանքին: Այդ պրակտիկան մանկավարժահոգեբանական է: Իսկ արդեն 3-րդ կուրսից սկսած՝ ամեն կիսամյակ մոտ 6-շաբաթյա ակտիվ պրակտիկա ենք անցնում, որի ժամանակ արդեն կցվում ենք որևէ դասարանին ու այնտեղ 6 շաբաթ դասեր ենք վարում:
 
Ձեր դիտարկմամբ՝ այսօր հանրակրթական դպրոցներում ուսումնական ծրագրերը ծանրաբեռնո՞ւմ են աշակերտներին: Ուսուցիչների գրաֆիկը խի՞տ է:
 
Այսօր տարրական դասարանների կրթական ծրագրերը բավական ծանրաբեռնված են: Սակայն չեմ կարող չնշել նաև, որ երեխաները կարողանում են հաղթահարել այդ ծրագիրը: Թեպետ անհրաժեշտ է ծրագիրը բեռնաթափել և նոր ծրագրի հիման վրա հրատարակել նոր դասագրքեր: Այստեղ նույնպես մենք մեծ խնդիր ունենք, քանի որ ըստ հանրակրթութթյան մասին օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ կետի ուսուցիչն իրավունք ունի ընտրելու, թե ինչ դասագրքով ուսուցման գործընթացը կազմակերպի, բայց հաճախօրենքի այս կետը խախտվում է: Դրա համար ունենք մի քանի պատճառներ: Նախ չունենք այլընտրանքային դասագրքեր, լավագույն դեպքում նույն առարկայից 2 դասագիրք, երկրորդն էլ քիչ դպրոցներում են հաշվի առնու ուսուցչի ցանկությունը… հիմնականում դպրոցն ինչ գիրք ստանում է, դրանով էլ աշխատում է ուսուցիչը:
 
Ի՞նչ խորհուրդ կտաք այն դիմորդներին, որոնք ուզում են հենց մանկավարժության ոլորտում հմտանալ: Ի՞նչ առաջնահերթ որակներ պետք է նրանք ունենան:

Խորհուրդս մեկն է` մասնագիտություն ընտրելիս հաշվի առնեն` արդյոք այն դուր է գալիս, պատրաստ են բուհն ավարտելուց հետո հենց իրենց մասնագիտությամբ աշխատել: Մանկավարժի մասնագիտությունն ընտրող յուրաքանչյուր դիմորդ պետք է գիտակցի, թե որքան պատասխանատու ու բարդ մասնագիտություն է սա. չէ որ գործ ունենք երեխաների հետ, որոնց կրթության, դաստիարակության և զարգացման գործում մենք շատ մեծ դեր ունենք:

Լալա Սահակյան

Մանկավարժական համալսարանում ինչպե՞ս է ընթանում ուսանողական կյանքը: Մի փոքր Ձեր ուսանողական տարիներից կպատմե՞ք:

Շատ ակտիվ ուսանողական կյանք եմ ունեցել ուսանողական խորհրդի և բուհի ղեկավարության շնորհիվ: Ուսումնառության հենց սկզբից եղել եմ ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, այնուհետև դարձա Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի փոխնախագահ: Ուսանողական խորհուրդը շատ կարևոր ու լայն հարթակ տվեց ինձ ինքնադրսևորվելու: 3-րդ կուրսում դարձա Ֆակուլտետի լավագույն ուսանող, ինչը երազանք էր հենց սկզբից: Նույն տարում մասնակցեց ամառային դպրոց մրցույթ-ծրագրին, և հնարավորություն ունեցա 15 օր լինել Չինաստանի Չունցին քաղաքում… և նշեմ, որ այդ ամենը ուսանողի համար համալսարանն անվճար է կազմակերպում: Մեծ պատիվ էր ինձ համար արժանանալ Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան կրթաթոշակին: Մեր համալսարանն ուսանողին շատ հնարավորություններ է տալիս: Ես հպարտ եմ, որ ընտրել եմ Խ. Աբոյվյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և հենց Սկզբնական կրթության ֆակուլտետը:

Օլյա Շահինյան