Գլխավոր Կրթություն Ուսանողը. Շուշանիկ Իշխանյան (լուսանկարներ)

Ուսանողը. Շուշանիկ Իշխանյան (լուսանկարներ)

212
0
Շուշանիկ Իշխանյանը

AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրանտ Շուշանիկ Իշխանյանն է:

Շուշանիկ, հասարակության մեջ լայն տարածում գտած մի կարծիք կա, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն ուսումն ավարտելուց հետո երբեք չեն աշխատում իրենց մասնագիտությամբ: Կասե՞ք, թե ինչը Ձեզ շահադրդեց ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժին:

Դրդապատճառն իհարկե մեծ սերն է եղել քաղաքագիտության հանդեպ և ցանկությունը տիրապետել այդ ոլորտին: Չեմ պատկերացնում այս պատճառներից զատ ուրիշ ինչ սկզբունքներով են երիտասարդներն առաջնորդվում մասնագիտություն ընտրելիս: Միանշանակ պատրաստվում եմ աշխատել այս ոլորտում:

Շուշանիկ Իշխանյանը

ԵՊՀ-ում ստացած Ձեր գիտելիքներն ավելի շատ պրակտի՞կ էին, թե տեսական:

Մեծամասամբ տեսական էին: Իհարկե, քաղաքական տեսությունների կիրառումը գործնականում տեսնելը՝ գիտելիքը յուրացնելու գործընթացն ավելի դյուրին է դարձնում, սակայն տեսական գիտելիք ստանալը չափազանց կարևոր է:

Որքանո՞վ է Ձեզ հաջողվել համալսարանում ստացած գիտելիքները կիրառել առօրյա կյանքում և աշխատանքային գործունեության մեջ:

Մայր ԲՈՒՀ-ում ստացած կրթությունս ինձ յուրաքանչյուր օր պետք է գալիս: Ես շատ շնորհակալ եմ ԵՊՀ-ին, իմ բոլոր դասախոսներին՝ ինձ նման գիտելիքային պաշար տալու համար, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական: Սակայն, իհարկե, գիտելիքը երբեք շատ չի լինում, և մշտապես կա այն ավելացնելու և կատարելագործելու կարիք:

Ո՞ր առարկայի շրջանակներում կազմակերպվող դասախոսություններն են Ձեզ համար հատկապես եղել ամենաարդյունավետը:

Երևի կառանձնացնեմ քաղաքական հոգեբանություն և քաղաքական գաղափարախոսություններ առարկաները:

Ուսումնառության ընթացքում եղե՞լ է նման առարկա, որի բովանդակությունից այսօր գրեթե ոչինչ չեք հիշում:

Ոչ: Ինձ դասավանդած բանախոսների շնորհիվ նման առարկա չկա:

Շուշանիկ Իշխանյանը

Ինչպե՞ս որոշեցիք մագիստրոսական կրթությունը ստանալ ՀՊՏՀ-ում: Քաղաքագիտության ու բիզնեսի ընդհանրությունները շա՞տ են:

Մարքեթինգը չափազանց հետաքրքիր ոլորտ է, որի մասին մշտապես ցանկություն եմ ունեցել ստանալ բավարար գիտելիքներ, ուստի որոշեցի մագիստրոսական կրթությունս շարունակել ՀՊՏՀ-ում: Առաջին հայացքից իրարից խիստ տարբեր քաղաքագիտությունն ու շուկայագիտությունն իրականում ունեն ընդհանրություններ, և այժմ սովորելուս ընթացքում դրանց միջև զուգահեռներ բավականին հաճախ եմ տանում:

Շուշան, Ձեր կարծիքով այսօր Հայաստանում քաղաքագետի մասնագիտությունը մրցունա՞կ է:

Կարծում եմ՝ առանցքային գործոնը որակյալ մասնագետ լինելն է: Մասնագիտություն ընտրելիս հարկավոր չէ առաջնորդվել դրա մրցունակությամբ, քանի որ լավ մասնագետ լինելու դեպքում աշխատանք ունենալու խնդիր միանշանակ չի առաջանա: Եվ, վերջիվերջո, հաջողություն և զարգացում են կարողանում ապահովել այն երկրները, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պատշաճ կերպով է կատարում իր աշխատանքը:

Ավելի շատ ո՞ր բուհի մեթոդաբանությունն է Ձեզ հոգեհարազատ՝ ԵՊՀ-ի, թե՞ ՀՊՏՀ-ի:

Երկուսինը, քանի որ այս երկու կրթական հաստատություններում ընտրված մեթոդաբանությունները բավականին նման են իրար:

Ձեր կարծիքով, որտե՞ղ է ուսանողությունն ավելի մրցունակ՝ ԵՊՀ-ում, թե՞ ՀՊՏՀ-ում:

Կարծում եմ՝ ԵՊՀ-ում:

Հնուց եկած մի կարծիք կա՝ հատկապես մեր ծնողների շրջանում, որ ուսանողական տարիներն ամենաքաղցրն են: Համաձա՞յն եք այդ կարծիքի հետ: Համալսարանում կյանքի ընկերներ ձեռք բերե՞լ եք:

Միանշանակ համաձայն եմ այդ կարծիքին: Դա սկսեցի գիտակցել ԵՊՀ-ում ուսումս ավարտելուն պես: Հիանալի հիշողություններ ունեմ թե կուրսընկերներիս և թե ողջ դասախոսական կազմի հետ: Ուսումնառության տարիների ընթացքում հատկապես ԵՊՀ-ի քաղաքագիտության ամբիոնն այնքան հարազատ է դարձել ինձ, որ պլանավորում եմ ապագայում վերադառնալ այնտեղ:

Օլյա Շահինյան