Գլխավոր Իրավական Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը շարունակում է անարդյունավետ աշխատել. ՄԻՊ

Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը շարունակում է անարդյունավետ աշխատել. ՄԻՊ

16
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Արման Թաթոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին.

«Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը տարիների պրոբլեմների արդյունք է: Մենք այստեղ համակարգային առումով ունենք խնդիրներ: Ճիշտ է, օրենքը փոխեցինք և այլն, բայց միևնույն է, համակարգը շարունակում է անարդյունավետ աշխատել: Այստեղ, իհարկե, բազմաշերտ են խնդիրները՝ կապված ընկալումների, ազատությունից զրկվածի նկատմամբ վերաբերմունքի հետ և այլն: Ես կարծում եմ, որ պետք է սկսել ամենասկզբից: Մենք պետք է դատապարտյալին առաջին օրից, երբ մտավ քրեակատարողական հիմնարկ, նախապատրաստենք, պետք է պարզ լինի այն ճանապարհը, որով ինքը գնալու է, և որն իրեն տանելու է ազատ արձակման: Պետք է լինեն ռեժիմների աստիճանական փոփոխման աստիճաններ, որպեսզի մարդը կարողանա աստիճանական անցնի դրանք… Այսօր տեսեք, թե ոնց է. մենք մարդուն փակ վիճակում խցում պահում ենք, առավելագույնը մեկ ժամ դուրս ենք բերում զբոսանքի՝ գլխավորապես այդպես է, 23 ժամ մնում է խցում. պետությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում նրան ազատ արձակման նախապատրաստելու համար և ասում է՝ պատրաստ չէր ազատ արձակման… Պրոբացիոն ծառայությունն ինքնին կարևոր, ճիշտ, լավ ծառայություն է և դա պետք է կատարի իր գործառույթը: Ցավոք սրտի, այն հիմա չկայացած ծառայություն է: Ես ունեմ արտահերթ հրապարակային լայնածավալ զեկույց, որտեղ ակնհայտ երևում է, որ պատշաճ ուշադրություն չի դարձվում պրոբացիոն ծառայությանը: Կառավարությունն անցյալ տարի ընդունեց պրոբացիոն ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը, և ես հույս ունեմ, որ նման հարցերին անդրադարձ կկատարվի, որովհետև պրոբացիոն ծառայողների ընկալումները, նախևառաջ, պետք է փոխենք: Մենք դեպքեր ունենք, օրինակ, երբ պրոբացիոն ծառայողները կարծեմ դատախազության շենքում էին նստում՝ մարդը իրեն ընկալում էր որպես դատախազ: Եվ պրոբացիոն ծառայողի համար դա շատ լավ էր, որովհետև ինքն իշխանական դիրքերից էր մոտենում… Դա ընկալման հարց է, և մենք պետք է աշխատենք նաև այդ ընկալումների փոփոխության վրա… Պրոբացիոն ծառայության էությունը ի վերջո թրեյնինգների, տարբեր վերապատրաստումների միջոցով պետք է արմատավորել երկրում: Մենք նաև քաղաքացիների ընկալումների հետ կապված պրոբլեմ ունենք: Պրոբացիոն ծառայողը զեկույց է, չէ՞, պատրաստում. հարցումներ է անում հարևանից և այլն: Մենք դեպքեր ունենք, երբ կինը հրաժարվում է ամուսնու մասին կարծիք տալ, ասում է՝ հարևանները կիմանան, ամուսինս էլ կիմանա, ու հետո ես խնդիր կունենամ»: