Գլխավոր Հայաստան Պնդում եմ` Մարուքյանը սադրեց. նպատակը շատ ավելի հեռու գնացող է. Ալեքսանդր Սայադյան

Պնդում եմ` Մարուքյանը սադրեց. նպատակը շատ ավելի հեռու գնացող է. Ալեքսանդր Սայադյան

115
0

Հեռուստա և ռադիո մեկնաբան Ալեքսանդր Սայադյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է օրերես ԱԺ տեղի ունեցած միջադեպքին՝ գրելով.

« Ազգային ժողով, ծեծկռտուք։
Վերաբերմունքն ու կարծիքները առ տեղի ունեցածը շատ են ու տարբեր և այդ ամենը, ինչպես միշտ մեզանում, կրում է էմոցիոնալ բնույթ։ Կարծիք հայտնողների գերակշիռ մեծամասնությունը գտնում է, որ միջադեպի մեղավորը Էդմոն Մարուքյանն էր և, եթե չլիներ ամբիոնից իջնելու նրա սադրիչ քայլը, Սասուն Միքայելյանը տեղից չէր բարձրանա և ընդհարում չէր լինի։ Մի փոքրաթիվ մաս էլ համարում է, որ մեղավորը Սասուն Միքայելյանն է և, եթե նա Էդմոն Մարուքյանին “հոպար” չանվաներ, վերջինս չէր բորբոքվի։
Այսքանը այսբերգի երևացող մասն է, իսկ եթե ավելի խոր նայենք, կտեսնենք, որ դրդող պատճառները լրիվ այլ են։ Ժողովուրդը հեղափոխություն արեց և նոր ԱԺ ընտրեց , ակնկալելով արմատական փոփոխություններ իր կյանքում դեպի լավը։ Ազգային Ժողովում, այդ լավը իսկապես ցանկացողների կողքին հայտնվեցին նաև պատեհապաշտ — իշխանատենչ մարդիկ և այն, ինչ տեղի ունեցավ, բախում էր նրանց միջև։ Անկեղծ ասած, անլուրջ եմ համարում Սասունի իշխանատենչության մասին մինչև հիմա երբեմն-երբեմն հնչած կարծիքը։ Ինչ-ինչ մարդկային թերություններով հանդերձ, կարծում եմ նա պարզ, գյուղացու մտածողությամբ ազնիվ մարդ է, որն ինքն էլ շատ լավ գիտակցում է իր ինտելեկտուալ կարողությունների չափը և բավարարված է այնքանով, ինչ ունի։ Համոզված եմ, որ նա էլ մեզնից շատերի նման դժգոհ է կատարվող փոփոխությունների դանդաղությունից և ցավով ու սուր է ընդունում այդ փոփոխությունները միտումնավոր չտեսնող, կամ տեսնել չուզող, ամեն ինչը անձնական շահերին ծառայեցնել ցանկացող մարդկանց խոսքն ու գործը։ Քչերը կլինեն, որ կկասկածեն Սասունի հայրենասիրությանը, երկրին, պետությանը նվիրված լինելուն։ Նա ապացուցել է դա։
Գանք երկրորդ մասնակցին` Էդմոն Մարուքյանին։ Այս մարդու մասին արդեն մի քանի անգամ կարծիք եմ հայտնել, որ քնում- արթնանում և իրեն տեսնում է իշխանության ամենավերին աստիճաններին, դա իր կապույտ-կապույտ երազանքն է։ Իհարկե, երազելը վատ չէ, վատ է չերազելը, բայց մարդը մի քիչ էլ պիտի իր հնարավորություններն ու մտավոր կարողությունները սթափ գնահատելու ունակություն ունենա։ Հույս ունեի, թե Ազգային Ժողովը վերջնականապես ազատվել է երիտհանրապետական դեմագոգներից, բայց արի ու տես, որ Միշիկի Էդմոնը գերազանցում է նրանց բոլորին միասին վերցրած։ Իրողությունը խեղաթյուրելը, մարդկանց մանիպուլյացնելը դարձրել է հիմնական զենք իր “նպատակին” հասնելու ճանապարհին։ Զարմանալի է, որ ԼՀ խմբակցության մի քանի խելացի պատգամավորներ էլ են ընկել գավառական մտածելակերպով այս իշխանատենչ-պաշտոնամոլի ետևից։
Ի մի բերելով ասվածը, պնդում եմ, որ բախումը պետության շահերի մասին մտածողի և զուտ անձնականի ետևից ընկածի միջև էր, որը սադրեց Մարուքյանը։ Իսկ նպատակը շատ ավելի հեռուն գնացող էր` մարդկանց հոգեբանության մեջ տպավորություն ստեղծել, թե իշխանության վերին օղակներում քաոս է տիրում, թե վարչապետը, ում ներկայությամբ կատարվեց բախումը, իբր այնքան հեղինակություն ու հարգանք չունի, որ թեկուզ նրա ներկայությունը այդպիսի բան թույլ չտար։ Էդմոնի սադրանքը իսկական քաղաքական սաբոտաժ էր և Սասունն ու իմքայլականները շատ հեշտությամբ տրվեցին դրան։
Եվ այնուամենայնիվ` ԱԺ հարգելի պատգամավորներ և, առաջին հերթին վարչապետի ուսերին ԱԺ եկած իմքայլականներ, որոնց ես իմ ձայնն եմ տվել, մենք ձեզ ուղարկել ենք այդտեղ երկիրը երկիր դարձնելու գործում վարչապետի թիկունքը պինդ պահելու և ոչ թե նրան թիկունքից խփելու համար։ Կարո՞ղ եք` պահեք ձեր աշխատանքով, չե՞ք կարող` վայր դրեք մանդատները և հեռացեք, քանի դեռ ժողովուրդը չի հեռացրել։ Դուք Ազգային ժողովի պատգամավոր եք, ոչ թե ձեր բեսեդկեքում զառ գլորող, կամ` քուանշ անող…
Եվ վերջում` երկու խոսք էլ վարչապետին։
Պարոն վարչապետ, Նիկոլ ջան, ամենևին չարդարացնելով բռնության որևէ դրսևորում, պիտի ողջունեմ թիմակիցներիդ պաշտպանելու` քո մղումը, բայց… Ա՜խ կադրեր, կադրեր…»:

Հիշեցնենք, որ օրերես Ազգային ժողովում սկսվեց  «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հասցեին հնչեցված քննադատությունից: 

«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով Բաբկեն Թունյանին:

Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, որը չէր լսվում, ինչին Մարուքյանը պատասխանեց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,- ասաց նա ու իջավ ամբիոնից: 

Պատգամավորների միջեւ սկսվեց ծեծկռտուք։