Գլխավոր Հայաստան Սա անհարգալից վերաբերմունք է. Նաղդալյանը` Թուրքիայի քայլերի մասին (տեսանյութ)

Սա անհարգալից վերաբերմունք է. Նաղդալյանը` Թուրքիայի քայլերի մասին (տեսանյութ)

75
0

Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը:

Նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Թուրքիայում Չինաստանի դեսպանի Թուրքիայի ԱԳՆ հրավիրվելուն ՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար:

Թուրքիայի զայրույթի պատճառը Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումն է. կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաներով արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

«Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքն ու անհարկի քաղաքականացումը»,–ասել է նաղդալյանը։

Նրա խոսքով` Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում:

Ինչ վերաբերում է թուրքական կողմի հայտարարություններին, թե պատրաստ է Հայաստանին աջակցություն տրամադրել կորոնավիորւսի հաղթահարման համար` Նաղդալյանը ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը չի դիմել աջակցության խնդրանքով:

ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 73 քաղաքացիներ, ինչի առնչությամբ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են։ Եվ այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցություն Հայաստանը Թուրքիայից չի ուզել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները Վրաստանի տարածքով արդեն իսկ վերադարձել են Հայաստան։