Գլխավոր Հայաստան Տեղի է ունեցել տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն

Տեղի է ունեցել տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն

9
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք է գնահատել այն, թե ինչպես պետք է կառավարությունն արձագանքի հնարավորություններին կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում՝ հաշվի առնելով նոր պայմաններում տնտեսության կառուցվածքի փոփոխությունները:

Այս համատեքստում ծավալված քննարկումների շրջանակում ներկայացվել են մի շարք գաղափարներ, առաջարկություններ և դիտարկումներ: Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների և հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում, կարևորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. 

«Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները: Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, մարդկանց շրջանում, ընտանիքներում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայկական գիտական ներուժի համախմբումն ու զարգացման կոնկրետ բանաձևերի մշակումը՝ ըստ ոլորտների:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նման ձևաչափով քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել վերը նշված ուղղություններով ներկայացնել առաջարկություններ և նոր գաղափարներ: