Գլխավոր Հասարակություն Քաղաքացիների փաստարկներն արդարացի են. Փաշինյանը` սպանդանոցների խնդրի մասին

Քաղաքացիների փաստարկներն արդարացի են. Փաշինյանը` սպանդանոցների խնդրի մասին

31
0

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գրիգոր Պապոյանը վարչապետին հարց ուղղեց վերջին օրերին մեծ աղմուկ հանած սպանդանոցների խնդրի վերաբերյալ:

Հիշեցնենք, հանրապետության մի շարք մարզերից մսագործները բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության այդ մտադրության դեմ:

«Արդյոք բողոքի ձայն բարձրացնող հարգելի քաղաքացիներն ունե՞ն արդարացի փաստարկներ. այո, քանի որ մենք չունենք սպանդանոցների բավարար խտություն։ Չունենք, որովհետև անընդհատ հետաձգում ենք այս որոշումը»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով, իրավիճակն այնպիսին է, երբ կան սպանդանոցների շինարարության մեջ ներդրողներ և քաղաքացիներ, որոնք խնդիրներ ունեն:

«Կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել, մենք առաջարկել ենք, և ես այսօր հանձնարարական եմ տվել, որ մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբվենցիոն և լիզինգային վարկերում կարգավորումներ` տեղափոխման համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռք բերման և լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով»,- նշեց կառավարության ղեկավարը:

Բացի այդ, Փաշինյանը ընդգծեց, որ կստեղծվի սպանդանոցների նախընտրելի քարտեզ, կլինեն հասցեական ֆինանսավորումներ: Նա նաև հույս հայտնեց, որ այս խնդիրը առաջիկայում կլուծվի ու դրան այլևս անդրադարձ չի լինի, քանի որ ՀՀ կառավարությունը առաջնորդվում է ժամանակակից բարձր չափանիշներ կիրառելու սկզբունքով, ասել է թե` գործել ավելի քաղաքակիրթ և առողջության համար ավելի նախընտրելի աշխատանքային պայմաններում: