Գլխավոր Իրավական Քանի տարվա ազատազրկում է սպառնում Սերժ Սարգսյանին

Քանի տարվա ազատազրկում է սպառնում Սերժ Սարգսյանին

103
0

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվ այսպես, ի՞նչ պատիժ է նախատեսվում ՀՀ երրորդ նախագահին, եթե ապացուցվի և հաստատվի նրան առաջադրված մեղադրանքը:

ՔՕ, Հոդված 179.

Յուրացնելը կամ վատնելը

1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) խոշոր չափերով,

4) (4-րդ մասն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(179-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 24.12.04 ՀՕ-67-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., խմբ. 23.05.11 ՀՕ-143-Ն)