Գլխավոր Իրավական Քրեական գործեր՝ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ. ինչպե՞ս են վնասել պետությանը

Քրեական գործեր՝ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ. ինչպե՞ս են վնասել պետությանը

140
0

«Վեոլիա ջուր» ընկերությունից պարբերաբար քաղաքացիները դժգոհում են: Հիմնականում բողոքները վերաբերում են դիտահորերի մաքրմանը, ջրանջատումներին:

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն այս տարի տուգանել է ընկերությանը 10 մլն դրամով մի շարք խախտումների համար:

Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահները քրեական գործ հարուցեցին ընկերության դեմ:

Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել դատախազությանը՝ տեղեկանալու, թե ինչ փուլում են քրեական գործերը, արդյոք մեղադրյալներ կան, թե ոչ:

Ի պատասխան տեղեկանում ենք՝ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ հարուցված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածով, 1-ը՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Դատախազությունը տեղեկացնում է՝ քրեական գործերից 2-ի նախաքննությունը շարունակվում է, որոնցով կասկածյալ կամ մեղադրյալ չկա, մեկ քրեական գործով վարույթը կասեցվել է, իսկ մեկը 3 անձի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով պետությանը պատճառված վնաս չի եղել: Ընթացիկ գործերից մեկով պետությանը պատճառված վնասի չափը պարզվելու է գործի քննությամբ, իսկ մյուս գործով պետությանը վնաս պատճառելու փաստական տվյալներ ձեռք չեն բերվել:

Եթե վերլուծենք դատախազության պատասխանը, փաստորեն ընկերության դեմ հարուցված քրեական գործերից 2-ի դեպքում եղել է լիազորությունների չարաշահում: Բանն այն է, որ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Մյուս քրեական գործի հիմքում խարդախությունն է՝  առանձնապես խոշոր չափերով եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հիմքով:

Իսկ 4-րդ քրեական գործի հիմքում խոշոր չափերով կաշառք տալն է նախնական համաձայնությամբ պաշտոնատար անձի կողմից:

Սոնա Դավթյան