Գլխավոր Լուրեր Արդյոք կտուժեն որսորդն ու կրկեսը, եթե քրեականացվի կենդանիների հանդեպ դաժանությունը

Արդյոք կտուժեն որսորդն ու կրկեսը, եթե քրեականացվի կենդանիների հանդեպ դաժանությունը

32
0

Կառավարությունն առաջարկում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնել: Կառավարության անդամներն առաջարկում են զգույշ լինել, որպեսզի անհարկի քրեական հետապնդում չլինի քաղաքացիների հանդեպ:

Կարծիք կա, որ կենդանիներին վարժեցնելը եւս  նրանց իրավունքի խախտում է, հետևաբար պետք է նաև քրեականացումը այս հարցը ներառի:

Araratnews.am-ը զանգահարեց  Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր  Սոս Պետրոսյանին՝ պարզաբանում լսելու: Նա ասաց, որ  կենդանիներին վարժեցնելը բռնություն չէ կենդանիների հանդեպ: «Անգամ ասում են՝ կրկեսն առանց կենդանիների, բայց դա հնարավոր չէ: «Cirque du Soleil» հայտնի կրկեսը, երբ Ռուսաստանում անցյալ տարի պետք է ելույթ ունենար, հաջողություն չունեցավ՝ տոմսերը չգնեցին, քանի որ կենդանիների համարներ չէին լինելու»,- ասաց Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահը:

Պրոֆեսորի խոսքով՝ կենդանիներ վարժեցնողները երբեք բռնությամբ չեն վարժեցնում դրանց: «Նրանք կենդանիներին վերաբերվում են երեխայի պես: Իմ աղջիկը՝ Նաիրան, որը ձիեր, լամաներ է վարժեցնում, դրանց համարում է իր երեխաները: Նրան հարցնում են՝ քանի՞ երեխա ունի, ասում է՝ 4 տղա: Մեկն իսկական տղան է, մյուսը՝ ձիերը »,- մանրամասնեց Սոս Պետրոսյանը:

Պրոֆեսորի խոսքով՝ անթույլատրելի է կենդանիների հանդեպ բռնությունը, պետք է հասկանալ նրանց լեզուն: «Լսել եմ, որ գազանանոցում կարծես լավ չեն վերաբերվում կենդանիներին: Կամ  ռեստորանների վանդակներում են պահում: Երեւի դրա համար էլ կառավարությունը նման բան է որոշել»,- ենթադրեց Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահը:

Հայաստանի որսորդների միության նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ ասաց՝ տեղյակ չէ որոշումից, սակայն կարծում է՝ եթե այդ օրենքը ընդունվի, ապա մարդիկ չպետք է  մատաղ անեն:

«Ջամբո» պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանն էլ մեզ ասաց՝ կողմ է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի քրեականացմանը: «ԱՄՆ-ում վերջերս մի կին շան յոթ ձագ աղբանոց էր նետել: Հիմա  գործ է հարուցված այդ կնոջ դեմ 7 հոդվածով: Չի բացառվում՝ նրան ցմահ դատեն»,- մանրամասնեց  պարկի տնօրենը:

«Ջամբո» պարկի ղեկավարությանը քննադատում էին կենդանիներին անթույլատրելի պայմաններում պահելու համար:

Արտյոմ Վարդանյանը հավաստիացնում է՝ հիմա մեկ աղվես կա պարկում, որին փրկել է, իսկ  շիմպանզեներին էլ հետ է ուղարկել  Ղրիմ: «Հիմա «Ջամբոյի» ոճը փոխում ենք: Այլեւս ոչ մի էկզոտիկ պարկ չի լինելու»,-  տեղեկացրեց նա:

Արդյոք կառավարության այս որոշումը որսորդության վրա չի ազդի: Արտյոմ Վարդանյանի խոսքով՝ որսորդները չեն տուժի, եթե թույլատրված սեզոնին ու թույլատրված կենդանիներ որսան: Պարկի ղեկավարը կողմ է, եթե նաև արգելեն ու քրեականացնեն կենդանիների ապօրինի կռիվները:

Սոնա Դավթյան