Գլխավոր Լուրեր Առողջապահության զարգացումը՝ որպես քաղաքացու երջանկության կարեւոր գործոն

Առողջապահության զարգացումը՝ որպես քաղաքացու երջանկության կարեւոր գործոն

4
0

Հայաստանի կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրում (որը մոտակա օրերին կհաստատվի ու կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը), առողջապահության ոլորտի զարգացումը դիտարկվում է որպես քաղաքացու երջանկության ապահովման կարեւորագույն գործոններից եւ կառավարության առաջնահերթություններից մեկը:

Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի եւ հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով արդիական, բարձր որակի  եւ համապարփակ առողջապահական ծառայությունների մատուցումը: Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման  ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել եւ զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը եւ շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը:

Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման համար անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել բժշկական ապահովագրու­թյան այնպիսի համակարգի ներդրումը, որ բժշկական օգնության եւ բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղա­քացու պատշաճ եւ ժամանակին տրամադրվեն այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնա­կության վայրից եւ սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի եւ որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:

Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր եւ մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի եւ դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային եւ քաղցկեղային հիվանդությունների բուժման եւ վերահսկման արդյունավետության բարձրացումը:

Կառավարության համար կարեւոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների եւ պատրաստվածության շարունակական բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ եւ համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման եւ վերահսկման բարելավումը, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատաս­խանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրումը:

Նշված նպատակներին հասնելու համար կարեւոր են լինելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, առողջապահական եւ բժշկական տվյալների թվայնացումը, բժշկագիտության եւ դեղարտադրության ոլորտի զարգացումը: Դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության եւ նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգերի ներդրումը նույնպես առանցքային ուղղություններից է լինելու։