Գլխավոր Լուրեր Արտակ Սաղաթելյան. Գաղափարախոսությունը առարկայական ու կարևոր խնդիրների լուծումն է

Արտակ Սաղաթելյան. Գաղափարախոսությունը առարկայական ու կարևոր խնդիրների լուծումն է

41
0

Սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Ազգային գաղափարախոսություն» թեմայով քննարկման ժամանակ

Ես փորձեմ մեկնաբանել՝ գաղափարախողություն մեզ պե՞տք է, արդյոք, թե ոչ: Առաջին հայացքից՝ պետք չէ, որովհետև մենք ունենք պետություն, և Սահմանադրության մեջ գաղափարախոսությունն ինքնին կա. բոլորս կարող ենք բացել Սահմանադրությունը և հասկանալ՝ ի՞նչ է մեր պետությունը, և  որպես հասարակություն ինչի՞ն ենք ձգտում մենք: Մինևնույն ժամանակ՝ պետք է, որովհետև կան բաներ, որոնք Սահմանադրության մեջ ֆիքսված չեն, բայց շատ կարևոր է, որ մեր հասարակությունն իր գլխում մեխված ունենա, դոմինանտ գաղափարների շուրջ անընդհատ մտածի և փորձի լուծումներ գտնել:

Նորից առաջին հայացքից՝ գաղափարախոսություն ասելով մենք պատկերացնում ենք չափազանց լուրջ, մեծ ազգային խնդիրներ: Բայց ես կուզենայի այլ պետությունների օրինակը բերել, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների երկու դոմինանտ գաղափարների: Այն շատ պարզ և հստակ խնդիր է, բայց չափազանց կարևոր է ցանկացած հասարակության համար:  Նրանք ունեն ամերիկյան երազանք կոչվածը, որ բոլոր ամերիկացիների ուղեղում մխված է: Ի՞նչ է նշանակում ամերիկյան երազանքը: Նշանակում է, որ բոլորն ունեն հավասար հնարավորություններ և համառ աշխատանքի դեպքում կարող են հասնել մեծ ձեռքբերումների՝ թե՛ ֆինանսական, թե՛ հեղինակության և թե այլ առումներով: Գաղափար է՝ բոլոր ամերիկացիների ուղեղների մեջ, և դրանով նրանք հպարտանում են: Մյուս գաղափարը, որ 80-ականներից սկսած՝ ամերիկյան հասարակության մեջ դոմինանտ է, առողջ ապրելակերպն է: Գաղափար, որը շատ առարկայական է, պարզ և հասանելի, բայց հասարակության բնականոն զարգացման համար շատ կարևոր: Ինչու՞ եմ ես այդ ամենը կարևորում՝ բացի այն, որ մենք ունենք ազգային իղձեր, նպատակներ, մեծ հայրենիքի խնդիր և այլն: Լինելով սոցիոլոգ՝ ես իրականացնում  ու ղեկավարում եմ հետազոտություններ, և այնպիսի տվյալներ եմ տեսնում, որոնց լուծումները այժմեական են, առօրեական են ու չափազանց կարևոր: Օրինակ՝ առողջապահության վերաբերյալ մեր հետազոտություններից երևում է, որ Հայաստանը ոչ վարակիչ հիվանդությունների թվով աշխարհում առաջատարներից է, չափազանց բարձր է քաղցկեղով հիվանդությունների թիվը: Մենք մտածում ենք, թե դա կառավարության, առողջապահության օղակի խնդիրն է՝ որպես պետական գերատեսչություն: Բայց առողջ կյանք վարելը, ինչպես, օրինակ, Ամերիկայում, գաղափարախոսության խնդիր է:

Մյուս շատ առարկայական, բայց չափազանց կարևոր խնդիրը. վերջերս ավարտել եմ բանակում իրականացվող երրորդ հետազոտությունների շարքը, ու ակնհայտ կարմիր գծով տեսնում ենք, որ մենք բանակում ունենք կրիմինալ հասարակությանը բնորոշ բարքեր, որոնք գալիս են հասարակությունից, այլ ոչ թե բանակից: Եվ հասարակության դեկրիմինալիզացիան դարձյալ չափազանց կարևոր հարց  է բանակի ներսում, ինչպես նաև հասարակության մեջ խնդիրները լուծելու համար: Դա էլ, կարծում եմ, պետք է դոմինանտ գաղափարների շարքում լինի: Շատ ավելի ջանք ու եռանդ մենք պետք է ծախսենք այդ խնդիրների լուծման վրա և շատ ավելի պակաս, օրինակ, ցեղասպանության միջազգային ճանաչման վրա. այն, ցավոք սրտի, միակ գաղափարն է, որ միավորում է մեր ազգին թե՛ ներսում, թե՛ դրսում, բայց դա որևէ տեղ չտանող ճանապարհ է, իմ կարծիքով, և չափազանց շատ ռեսուրս ենք այդ ուղղությամբ ծախսում: Շատ ավելի լավ կլիներ՝ կենտրոնանայինք մեր պետության համար շատ կարևոր այլ խնդիրների վրա՝ օգտագործելով գաղափարախոսությունը որպես գործիք, որը կապ չունենա, թե կառավարությունը ոնց է պատկերացնում որևէ կոնկրետ ոլորտի զարգացումը: Դա լինի գաղափար, որը հասարակությանն է:

Կարծում եմ՝ ցանկացած գաղափար, ցանկացած հասկացություն, որ օգնելու են մեր պետությանը հզորանալ, կայանալ, հասարակությանը՝ զարգանալ, ցանկալի է և պետք է ունենալ: Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ մենք շատ ենք բարձր մակարդակի խոսակցություններում մնում և խորշում ենք իջնել ներքև ու մեր պետության այսօրվա խնդիրները քննարկել, համարում ենք, թե դա ցածր թեմա է մեզ համար, որ կարիք չկա դրա վրա ժամանակ ծախսելու, այնինչ ազգի առողջությունը, տնտեսական բարեկեցությունը, հզորությունը, պետության, բանակի հզորությունը կախված են նաև այդ առօրեական խնդիրներից, դրանց հաջող լուծումից: Օրինակ, երբ հարց է հնչում՝ մենք զարգացած հասարակությո՞ւն ենք, թե՞ չէ, շեշտվում է մեր գիտական պոտենցիալը: Ես՝ որպես սոցիոլոգ, գիտական պոտենցիալը ուզում եմ չափելի տեսնել: Քանի՞ համալսարան ունենք 500 զարգացած համալսարանների թվում: Ցավոք սրտի, եթե չեմ սխալվում, չունենք: Եվ դա խոսում է մեր գիտական պոտենցիալի մասին: Բայց մենք ամաչում ենք դրա մասին խոսել և անընդհատ հայացքներս հետ ենք ուղղում դեպի Տիգրան Մեծ, դեպի մեր շատ սիրելի էպոսը, նման տարբեր հպարտանալու թեմաներ ենք գտնում և հետ ենք գնում: Բայց ես նկատել եմ մի շատ տարօրինակ բան. Մենք՝ որպես ազգ, վախենում ենք առաջ նայել: