Գլխավոր Լուրեր «Էրդողանն այս անգամ մեծ ընտրություն չունի». Financial Times

«Էրդողանն այս անգամ մեծ ընտրություն չունի». Financial Times

12
0

 

Բրիտանական հանրահայտ «Financial Times» թերթը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ ուշագրավ վերլուծություն է հրապարակել։ Պարբերականն արձանագրել է, որ Թուրքիան ռեցեսիա (տնտեսական անկում) է ապրում։

«Հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանն ուզում է աշխուժացնել տնտեսությունը, բայց բանկերը վարկեր տրամադրել չեն ցանկանում, իսկ սնանկացող ընկերությունների թիվը հետզհետե ավելանում է։ Այս անգամ Էրդողանը մեծ ընտրություն չունի», — գրում է թերթը։

«Financial Times»-ը  մեջբերում է AllianceBernstein-ի՝ զարգացող երկրների վարկային վերլուծաբան Օքան Աքընի հետևյալ դիտարկումը․ «Եթե Թուրքիան դիմի Արժույթի միջազգային հիմնադրամին թեկուզ ոչ թե վարկ ստանալու, այլ վարկունակությունը կրկին բարձրացնելու համար տեխնիկական խորհրդատվություն ստանալու նպատակով, ապա բոլոր հարցերը կլուծվեն։ Բայց Էրդողանը բազմիցս կրկնել է, որ Թուրքիան նման բան չի անի»։

Այնուհետև թերթը շարունակում է․ «Կան մարդիկ, ովքեր հավատում են, թե պետությունը կարող է բարեփոխումների սեփական ծրագրի օգնությամբ լուծել առկա խնդիրները։ Բայց 2016թ․ ձախողված հեղարջումից հետո բազմաթիվ փորձառու պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից, ուստի այս տարբերակը ևս բացառվում է»։

Ըստ աղբյուրի՝ «Թուրք արդյունաբերողների և գործարարների միության» (TÜSİAD) գլխավոր տնտեսագետ Զյումրութ Իմամօղլուն Թուրքիայի ֆինանսատնտեսական վիճակի մասին հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Շինարարության, անշարժ գույքի և էներգետիկայի ոլորտում լուրջ արտաքին պարտքեր կան։ Տնտեսության մեջ կրկին աշխուժացում մտցնելու համար պետությունը պետք է  թեթևացնի մասնավոր սեկտորի և բանկերի բեռը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ընկերությունների և բանկերի համար տարադրամի փոխարժեքի տատանումների առաջացրած ռիսկերի և ռիսկային վարկերի փոխհատուցման մեխանիզմ մշակել։ Այդ պարտքը կարող է որոշ չափով փոխհատուցվել նաև պետության կողմից»։

«Financial Times»-ը հավելում է, որ տնտեսությունը վերակենդանացնելու ևս մեկ միջոց կարող է լինել տոկոսադրույքների նվազեցումը։ Արձանագրելով, որ Թուրքիայում ամենաբարձր տոկոսադրույքներն են աշխարհում (Արգենտինայից, Եմենից և Սուրինամից հետո), թերթը նկատել է տալիս, որ դեռ բազմաթիվ ներդրողներ մտավախություն ունեն, թե տոկոսադրույքների նվազեցումը ռիսկային կարող է լինել։ Նրանց պնդմամբ՝ այս ոլորտում որևէ սխալ քայլը նորից կարող է լիրայի փոխարժեքի ճգնաժամ առաջացնել։

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am