Գլխավոր Լուրեր Ղարաբաղյան հիմնախնդիր. ձեռքբերված պայմանավորվածությունները և կարծրատիպերը

Ղարաբաղյան հիմնախնդիր. ձեռքբերված պայմանավորվածությունները և կարծրատիպերը

6
0

Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ շփումները, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումները քաղաքական ու փորձագիտական որոշ շրջանակների կողմից դարձել են շահարկումների առարկա: Հնչում են մեկը մյուսին հակասող մեկնաբանություններ, դավադրության տեսություններ, սակայն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ֆորմալ բանակցային գործընթացն անգամ չի սկսվել:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումներին, ապա դրանց հիմնական նպատակը խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն ու ամրապնդումն է: Այդ ամենն անհրաժեշտ են բանակցային գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ապահովման և առաջին հերթին՝ հնարավոր ռիսկերի նվազեցման համար: Այս առումով որոշակի ձեռքբերում են Դուշանբեի պայմանավորվածությունները: Թեև դրանց բանավոր բնույթին, պայմանավորվածությունները պահպանվում են. այսօր ունենք հրադադադրի ռեժիմի խախտման անհամեմատ քիչ դեպքեր, բացի այդ կողմերի միջև գործում է վերականգնված օպերատիվ կապը: Հատկանշական է, որ չնայած այս դրական արդյունքներին՝ հայկական կողմը, ինչպես այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է, չի թուլացնում իր զգոնությունը և պահպանում է որոշակի զգուշավորություն:

Դուշանբեի պայմանավորվածությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ որոշ քաղաքական (հիմնականում՝ նախկին իշխանական) շրջանակներ  փորձում են առաջ տանել այն թեզը, թե նոր իշխանություններն անտեսել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, միևնույն ժամանակ փորձում են հնարավորինս ուռճացնել այդ պայմանավորվածություններիկարևորությունը: Իրականում, սակայն, նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան էժանագին շահարկում: Նախ իշխանությունների կողմից Վիեննայից և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու մասին հայտարարություններ չեն եղել: Բացի այդ, դրանց նշանակությունը ևս չափազանցված է: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ենթադրում են ԵԱՀԿ նախագահի անձնական թիմի մեծացում (ներկայումս 7-ն են): Ամրագրված է նաև, որ մոնիտորինգ իրականացնելուց առաջ կողմերը պետք է նախապես զգուշացվեն: Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան սահմանների երկարությունը և ռելիեֆային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մի փոքր բարդ է պատկերացնել, թե ինչ պետք է փոխվի ևս մի քանի դիտորդով ավելացնելու արդյունքում: Ինչպե՞ս են նրանք զսպելու Ադրբեջանին, եթե Բաքվում որոշեն գնալ նոր արկածախնդրության: Բացի այդ, մոնիթորինգի վերաբերյալ նախապես տեղեկացնելու պայմանը, ըստ էության, նվազեցնում է հավանականությունը, որ դիտորդների մոնիթորինգի ժամանակ հնարավոր կլինի արձանագրել հրադադարի ռեժիմի խախտում:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ենթադրում են նաև հետաքննության մեխանիզմի ներդրում: Սակայն, թե ինչպես է գործելու այդ մեխանիզմը, որևէ հստակություն չկա: Այնուամենայնիվ միանշանակ է, որ այն հազիվ թե առավել արդյունավետ լինի, քան մի քանի տարի առաջ հայկական կողմի միակողմանիորեն ներդրած և բավական արդյունավետ գործող մեխանիզմը, որը թույլ է տալիս լիովին վերահսկել խախտումները, փաստագրել այն և անմիջապես տրամադրել համանախագահ երկրներին:

Այն, որ ռիսկերի նվազեցման և բանակցային գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ապահովմանն ուղղված հարցերը եղել են, կան և լինելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևոր բաղկացուցիչ, միանշանակ է: Հնարավոր չէ ակնկալել որևէ դինամիկ բանակցային գործընթաց, քանի դեռ սահմաններին կրակում են և առկա են հակամարտության էսկալացիայի ռիսկեր: Այնուամենայնիվ, այս հարցում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե կարծրատիպային պնդումներով, այլ ռացիոնալ գնահատականներով: Առաջնահերթ է արդյունավետության խնդիրը, այսինքն՝ թե որքանով է գործում ռիսկերի նվազեցմանն ուղղված այս կամ այն մեխանիզմը: Իսկ թե ո՞ր պայմանավորվածության հիման վրա է դա ներդրվել՝ երկրորդական է: