Գլխավոր Լուրեր Գնորդ եմ ման եկել, որ թաղապետարանի շենքի մյուս մասն էլ վաճառվի

Գնորդ եմ ման եկել, որ թաղապետարանի շենքի մյուս մասն էլ վաճառվի

20
0

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրեր առաջ հայտարարեց, որ  Էրեբունի ու Դավիթաշեն վարչական շրջանների աշխատակազմերի շենքերի մի մասը սեփականաշնորհվել է: Իրենք  գործին առնչվող փաստաթղթերն ուղարկել են իրավապահներին:

Araratnews.am-ը կապ հաստատեց Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է շենքի մի մասի սեփականաշնորհումը եղել: Նա ասաց, որ  իրավապահները կուսումնասիրեն եւ պարզաբանումներ կներկայացնեն: «Իրենք ուզում են նախկինների արած լավ գործի մեջ վատը փնտրել: Ես էլ ու իմ նախորդները շատ ուրախ ենք, որ  դիմելու են դատախազություն, որ պարզեն՝ ինչ է եղել»,- ասաց վարչական շրջանի նախկին ղեկավարը:

Ռուսլան Բաղդասարյանն ասաց, որ շենքի սեփականաշնորհում եղել է, բայց արդյոք դա եղել է օրենքի խախտմամբ,  համայնքը տուժե՞լ է դրանից, թե՞  օգտվել: Այս հարցերը, ըստ նախկին պաշտոնյայի, պետք  է պարզել: «Այդ տարածքի վաճառքից 10 տարի հետո այն օգտագործվել է անհատույց, բյուջեից առանց մի կոպեկ դուրս գրելու»,- հավաստիացրեց  նա:

Վարչական շրջանի նախկին ղեկավարը չգիտի, թե ով է գնորդը, կոնկրետ որ թվականին է վաճառվել, միայն գիտի՝ շենքի վաճառված հատվածը 3-4 գնորդ է ունեցել:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ պատկան կառույցների շենքերը վարձակալվեն, պետությունն էլ իր, այսպես ասած, «տան» մեջ վարձակալի կարգավիճակում լինի, Ռուսլան Բաղդասարյանն ասաց. «Քաղաքային տնտեսությունը ղեկավարելը ամեն մարդու խելքի բան չէ: Իմ ղեկավարման 6,5 տարիներին համայնքի 2500 քմ-ի շինության համար նորմալ գնորդ եմ փնտրել, որ կարողանանք դա վաճառենք ու առանց բյուջեից հավելյալ գումար ծախսելու, վաճառքից առաջացած գումարով ունենանք նորակառույց, ավելի կոմպակտ ու կոկիկ շենք:  Ցավոք սրտի, չեմ կարողացել գնորդ գտնել: Դավիթաշենը հիմա ունի մոտավորապես 3000 քմ շինություն 7000 մետր հողի վրա, որն անտեղի շռայլություն է: Համայնքն իրավունք չունի այդ գույքն ունենալ: Դավիթաշենին անհրաժեշտ է 1200-1500 քմ շինություն, իսկ ներկայիս շենքը, որտեղ աշխատում է աշխատակազմը, անհարմար շենք է: Այն մանկապարտեզի շենք է եղել: Վերանորոգելու համար 150 մլն դրամ է անհրաժեշտ: Հիմա ավելի լավ է բյուջեից 150 մլն դրա՞մ  տրվի, թե՞ սա վաճառվի, նոր շենք կառուցվի, մի բան էլ բյուջեին օգուտ լինի: Եթե ես կարողանայի գնորդ գտնել, որին կվաճառեի շենքի մնացած մասը եւ կկարողանայի կենտրոնական հատվածում շենք կառուցել, կմիջնորդեի քաղաքապետարանին, որ վաճառեին: Առաջին օրվանից գնորդ եմ ման եկել, որ շենքի մյուս մասն էլ վաճառվի, բայց չեմ գտել»:

Ռուսլան Բաղդասարյանը հիշեցրեց՝  համայնքի շինության մի մասի վաճառքից հետո  գնորդը 100 մլն դրամի ծախս է արել, բացի այդ՝ շենքի վաճառված հատվածն էլ օգտագործվել է: «Նման հաջողակ գործարքը քչփորելու կարիք չեմ տեսել»,- ասաց նախկին պաշտոնյան:

Դավիթաշենի նախկին ղեկավարը նոր իշխանության այս  հայտարարությունը համարում է անճարությունից առաջացած ինքնահաստատման փորձ:  Նա վստահ է՝ ուսումնասիրությունից հետո նոր իշխանությունը  ամոթով է մնալու:

Սոնա Դավթյան