Գլխավոր Լուրեր Գույքի մասին լիազորագիր չներկայացնող պաշտոնյաները պետք է զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից

Գույքի մասին լիազորագիր չներկայացնող պաշտոնյաները պետք է զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից

17
0

Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային կետին՝ պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկատվության թափանցիկությանը։

«ՀՀ քաղաքացիները հետհեղափոխական Հայաստանում պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում ՀՀ ոչ միայն պետական բարձր պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ ցանկացած պաշտոնյա լիազորված մարմին պետք է ներկայացնի նոտարական կարգով հաստատված լիազորագիր․ «Այդ մարմինը այդ պաշտոնյայի անունից աշխարհի ցանկացած կետում կարողանա արձանագրել տվյալ պաշտոնյայի գույքի տեղը, ծավալը, տեղաբաշխումը և այդ մասին տեղեկատվություն ներկայացնել հանրությանը»։

Փաշինյանը բերեց նաև իր օրինակը, որ ինքը՝ որպես վարչապետ, պետք է լիազոր մարմնին ներկայացնի իր ունեցվածքի մասին տեղեկատվություն, որ վերջինս սեփականատիրոջ  իրավունքով Փաշինյանի և իր հարազատների անունով եղած գույքը և տեղեկությունը հասանելի դարձնի հանրությանը։

«Եվ բոլոր այն պաշտոնյաները և պաշտոնի թեկնածուները, ովքեր կհրաժարվեն  համապատատասխան մարմին լիազորագիր ներկայացնել, պետք է զրկվեն Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից»,- շեշտեց վարչապետը։