Գլխավոր Իրավական Հանցավոր խումբ է վնասազերծվել

Հանցավոր խումբ է վնասազերծվել

12
0

Նախօրեին Սյունիքի մարզում հայտնաբերվել է հանրապետության մի քանի մարզերի քաղաքաներում առերեւույթ շինություն ապօրինի մուտք գործելով գողություններ կատարող հանցավոր խումբ: Այս մասին հայտնում են դատախազությունից։

Մասնավորապես՝ Երեւան քաղաքի 4 բնակիչներ, նախնական համաձայնության գալով շինություն ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Գորիս քաղաք, որտեղ 2019թ. մարտի 26-ի ուշ երեկոյան դուռը լնգել-բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել «Յուքոմ» ՍՊ ընկերության Գորիսի սպասարկման կենտրոն, գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 1.486.100 ՀՀ դրամ արժողության տարբեր մոդելների 18 բջջային հեռախոսներ ու հեռացել: Սակայն Վայք քաղաքում նրանք հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների կողմից եւ բերման ենթարկվել:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին, ընդունվել վարույթ եւ կատարվում է նախաքննություն:

Վերջինիս շրջանակում կասկածյալներն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, որ նույն եղանակով գողություններ են կատարել նաեւ Վաղարշապատ, Մասիս եւ Արտաշատ քաղաքների «Յուքոմ» ՍՊԸ սպասարկման կենտրոններից: Մասնավորապես՝ 2019թ. մարտի կեսերին 1-ին անգամ Վաղարշապատ քաղաքի սպասարկման կենտրոնից գողացել են շուրջ 18 հեռախոս, որը հաջորդ օրը վաճառել են 280.000 ՀՀ դրամով: Գումարը ծախսելուց հետո նրանք որոշել են գողություն կատարել Մասիս եւ Արտաշատ քաղաքների նույն ընկերության սպասարկման կենտրոններից եւ պայմանավորվածության համաձայն նույն եղանակով նույն օրվա ընթացքում գողություն են կատարել հիշյալ քաղաքների սպասարկման կենտրոններից, իսկ գողացված հեռախոսները Երեւան քաղաքում 800.000 ՀՀ դրամով վաճառել են Վրաստանի քաղաքացու: Այս գումարը եւս ծախսելուց հետո կրկին գնացել են Վաղարշապատ քաղաք եւ նույն խանութից նույն եղանակով գողացել են հեռախոսներ, որոնք նույն եղանակով վաճառել են նույն անձին:

Ընդ որում՝ պարզվել է, որ յուրաքանչյուր անգամ, նախքան գողություն կատարելը, խումբը գտել է նույն՝ «OPEL ASTRA» մակնիշի եւ միեւնույն գույնի ավտոմեքենա, հափշտակել են համարանիշները տեղադրել իրենց մեքենայի վրա, իսկ գողությունը կատարելուց հետո նետել են համարանիշները, ձեռնոցներն ու դիմակները:

Հարցաքննության ընթացքում նրան հայտնել են, որ վերջին գողությամբ ձեռք բերած  գողոնը, ձեռնոցները, մետաղական ձողը, որի միջոցով բացել են դուռը, եւ դիմակները գտնվում են ավտոմեքենայի մեջ:

Հիշյալ անձանց բերման ենթարկելուց հետո «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի տրանսպորտային միջոցների հատուկ պահման տարածք:

2019թ. մարտի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է ավտոմեքենայում խուզարկություն կատարելու միջնորդությունը:

Հարցումներ են ուղարկվել Վաղարշապանի, Մասիսի եւ Արտաշատի իրավապահ մարմիններին՝ խմբի անդամների ցուցմունքներով հայտնած հանցագործության դեպքերի հանգամանքը եւ ընթացքը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում մարզի իրավապահ այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ կայացել էր խորհրդակցություն՝ հատուկ մարզի վարչական տարածքում բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարվող գողությունների դեմ համալիր պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում խնդիր էր դրվել նաեւ ուժեղացնել ինչպես այս հանցագործության համար առավել խոցելի շրջաններում շրջիկ հսկողությունը, այնպես էլ  օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ հանցագործություն կատարած անձանց տաք հետքերով բացահայտելու նպատակով: