Գլխավոր Լուրեր Ի հեճուկս «բոլորս հայ ենք» արտահայտության՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թյուրք...

Ի հեճուկս «բոլորս հայ ենք» արտահայտության՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թյուրք ենք». Ֆեյզիօղլու

16
0

Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով է հանդես եկել:

Նա Խոջալուի դեպքերն անվանել է «ցեղասպանություն» և հավելել, որ Խոջալուում տեղի ունեցածը կապված է դաշնակցականների հետ:

Փաստաբանների միության նախագահի համոզմամբ` դեպքերի պատասխանատուներից շատերը հայտնվել են Հայաստանի պետական կառավարչական ապարատում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Ֆեյզիօղլուն համոզմունք է հայտնել.

«Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք» և փորձում են ստիպել արևմտյան աշխարհին, որպեսզի ընդունի դա: Ի հեճուկս դրան՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թյուրք ենք»:

1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել:

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am