Գլխավոր Լուրեր Իշխանությունները խոչընդոտում են մամուլի գործունեությունը

Իշխանությունները խոչընդոտում են մամուլի գործունեությունը

5
0

Այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում, նիստին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մարզպետները։ Փակ նիստեր անցկացնելու իրավունքը պատկանում է խմբակցությանը, սակայն որպես կանոն, մամուլը հնարավորություն է ունենում որոշակի տեղեկություն ստանալ նիստում քննարկված հարցերի շուջ, սակայն այս անգամ իշխանությունները թույլ չեն տալիս լրագրողներին մտել նույնիսկ Ազգային ժողովի շենք։

Բացի այդ, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ են խմբակցության նիստին ներկա գտնվում ՀՀ կառավարության անդամները։ Ըստ երևույթին, նիստի ձևաչափն այնպիսին է, որ քաղաքական վերնախավի ներկայությունը պարտադիր է, հետևաբար իշխանական ուժը Ազգային ժողովի շենքն օգտագործում է կուսակցական ժողովների ու հանդիպումների համար։ Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ իշխանությունները նմանատիպ ժողով են անում օրենսդիրում։ Նմանատիպ ժողով տեղի է ունեցել նաև 2019 թ․ հունվարի 14-ին, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն իր անդրանիկ նիստն էր անցկացնում, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն այն ժամանակ լրագրողների մուտքը չէր խոչընդոտվել, չնայած նրան, որ արդեն իսկ աշխատանքային ժամն ավարտված էր։

Նշենք նաև, որ այսօր լրագրողների մուտքը խոչընդոտվում է հենց այն պատճառով, որ շաբաթ օրը համարվում է ոչ աշխատանքային։ Ստացվում է, որ իշխանություններն ըստ նպատակահարմարության են որոշում՝ թույլ տալ լուսաբանում, թե՝ ոչ։ Հարց է առաջանում, արդյո՞ք մամուլն ազատ է, քան երբևէ։